Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրապարակվել է Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձևը

Հրապարակվել է Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձևը
Գիտություն
14:39, 06 октябрь 2022
Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի քննարկումների արդյունքներով ընդունվել է բանաձև, որի տեքստը հրապարակվել է արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակներով: Բանաձևն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջիկա երկու տարիների գործունեության համար:
Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձևում մասնավորապես նշվում է.
«Համատեղ քննարկումներից հետո խորհրդաժողովն արձանագրում է.
Արցախի Հանրապետությունում կրթության և գիտության առկա վիճակը և հիմնախնդիրները,
որոշ երկրներում հայեցի կրթության կազմակերպման համար ոչ բարենպաստ քաղաքական-իրավական պայմանների առկայությունը,
Սփյուռքում կրթության կազմակերպման և դասավանդման հիմնախնդիրները, մասնավորապես՝
հայագիտական և հայրենագիտական առարկաների միասնական կրթական քաղաքականության, մեկօրյա և ամենօրյա դպրոցների համար ուսումնամեթոդական համալիրի (կրթական-առարկայական ընդհանուր չափորոշիչներ, ուսումնական ծրագրեր, դասագրքեր, ուսումնաօժանդակ նյութեր) բացակայությունը,
հայագիտական, հայրենագիտական, ինչպես նաև հայերենով դասավանդվող հանրակրթական այլ առարկաների մանկավարժական կադրերի պակասը,
համագործակցության և հաղորդակցության, փորձի և կրթական նյութերի փոխանակման միասնական, մշտապես ակտիվ հարթակի զարգացման անհրաժեշտություն:
Ելնելով վերոնշյալից՝ խորհրդաժողովն անհրաժեշտ է համարում.
հետամուտ լինել հայրենաճանաչությանը, հայկական ինքնության պահպանմանը, հայ դպրոցի և Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի զորացմանը, ազգային, հոգևոր, բարոյական և արժանապատիվ նկարագրով հայի կրթությանն ու դաստիարակությանը,
մշակել հայոց լեզվի և հայ գրականության, հայոց պատմության, հայրենագիտության, հայ մշակույթի և Հայոց եկեղեցու պատմության կրթական չափորոշիչներ՝ Սփյուռքում առկա կրթական ներուժի օգտագործմամբ և տեղական կարիքների հաշվառմամբ,
մշակել և իրականացնել Սփյուռքի համայնքների կարիքներին ուղղված հեռավար ձևաչափով կրթության կազմակերպման ծրագրեր (սկզբնական շրջանում առանձին կրթական ծրագրերի, մոդուլների տեսքով),
օգտագործել արտաքին քաղաքականության միջոցները՝ ի նպաստ հայեցի կրթության ընդլայնման և բովանդակային զարգացման,
նպաստել արևմտահայերենի պահպանմանը և խրախուսել դրա գործածությունը։
Այս տեսլականն իրագործելու նպատակով անհրաժեշտ է.
շարունակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համահայկական ծրագրերի իրագործումը,
հետամուտ լինել Հայաստանում արևմտահայերենի ուսուցիչների պատրաստման մագիստրոսական կրթական ծրագրի մշակմանն ու իրագործմանը,
ավելացնել հայալեզու ամենօրյա դպրոցների համար ֆիզիկամաթեմատիկական և բնագիտական առարկաների ուսուցիչներ պատրաստող կրթական ծրագրերով պետպատվերով ընդունելության տեղերի թվաքանակը՝ ապահովելով շրջանավարտների մրցունակությունը իրենց երկրների կրթական համակարգում,
մանկավարժամեթոդական աջակցություն ցուցաբերել Սփյուռքի կրթօջախներին կիրառվող ուսումնական համալիրի բարելավման ուղղությամբ,
ստեղծել Սփյուռքում մանկավարժների և աշակերտների՝ հայերենի իմացության աստիճանի որակավորման մեխանիզմներ՝ տրամադրելով պետական հավաստագիր,
Հայաստանում կազմակերպել սփյուռքահայ սովորողների մասնագիտական և ազգային-մշակութային ուղղվածությամբ ամառային դպրոցներ, ճամբարներ, օլիմպիադաներ, շրջայցեր,
մշակել և իրականացնել սփյուռքահայ կրթական հաստատությունների ուսուցիչների, ծնողական համայնքի մանկավարժահոգեբանական աջակցության ծրագրեր,
հետամուտ լինել այլ պետություններում գործածվող այլալեզու դասագրքերում և ուսումնական ձեռնարկներում Հայաստանի և հայերի մասին նյութերի և տեղեկատվության պատշաճ ներկայացմանը,
նպաստել օտարերկրյա համալսարաններում և գիտական կենտրոններում հայագիտության զարգացմանը»:
Նշենք, որ Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2022 թ. օգոստոսի 16-21-ին Աղվերանում: Խորհրդաժողովը միավորել էր Սփյուռքի հայկական կրթօջախների ներկայացուցիչներին՝ բարձրաձայնելու կրթական ոլորտում հայապահպանության արդի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Խորհրդաժողովին մասնակցել են աշխարհի 21 երկրների հայկական կրթական կառույցների, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթության ոլորտի շուրջ 100 ներկայացուցիչներ, անցկացվել են 8 լիագումար և մասնախմբերի 11 նիստեր:
Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական ուղղությունները, արևմտահայերենի պահպանման ուղղությամբ կատարվող գիտական աշխատանքները, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործունեությունը, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի, «Էդիթ Պրինտ» հրատարակչության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Սփյուռքի համար իրականացվող ծրագրերը։