Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտադպրոցական ոլորտի մարզիչ-մանկավարժները հնարավորություն կունենան պետբյուջեից ստանալու հավելավճար. Ժաննա Անդրեասյան

«Արտադպրոցական ոլորտը տարիներ ի վեր բարձիթողի վիճակում է եղել, և այս ոլորտում շատ անելիքներ ունենք: Այս պահին նախատեսում ենք ներդնել ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ»,- այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկմանը նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ հանրապետությունում կա երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց և կենտրոն, որից 50-ը Երևանում է, 190-ը՝ մարզերում. «Ունենք նաև 174 սպորտային կազմակերպություններ: Այս երկու ոլորտներում մեր շահառու երեխաների թիվը շուրջ 100 հազար է, և ունենք 200 հազարից մի փոքր ավելի մարզիչ-մանկավարժներ, որոնց աշխատավարձը տարիներ ի վեր որևէ կերպ չի փոփոխվել: Քանի որ կազմակերպությունները համայնքային են, նրանց աշխատավարձը խիստ տարբերվում է համայնքից համայնք»:

Նախարարը նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ ոլորտում աշխատող մանկավարժները կունենան հնարավորություն դիմելու և անցնելու ատեստավորում, որի արդյունքում պետբյուջեից կստանան հավելավճար: