Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հակառակորդի լեզուն անհրաժեշտ է իմանալ». թուրքերենի, ադրբեջաներենի, վրացերենի դասագրքերի հարցը նախարարության օրակարգում է

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո միայն՝ 2021թ. , Հայաստանում որոշվեց տարածաշրջանային լեզուներն ուսուցանել դպրոցներում կամ որպես երրորդ օտար լեզու, կամ ուսուցումն իրականացնել խմբակի ձևաչափով։ Թուրքերենի, ադրբեջաներենի, վրացերենի ու պարսկերենի դասավանդումը համապատասխան մասնագետով ներգրավված դպրոցներում սկսվեց 2022թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից։ 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչը նշում է՝ ցանկություն հայտնած դպրոցների թիվն անսպասելի մեծ էր, սակայն անհրաժեշտ էր, որ կարողանային մասնագետ ապահովել՝ ուսուցումը կազմակերպելու համար: «Մոտ 400 դպրոց պատրաստակամություն հայտնեց լեզվի ուսուցում կազմակերպելու, սակայն նրանցից շատ քչերը՝ մոտ 25 դպրոց, հայտնեց մասնագետի առկայության փաստը, որից հետո մեկնարկեց պարսկերենի, վրացերենի, ադրբեջաներենի ու թուրքերենի ուսուցումը»,- ասում է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը։

Ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցումը նախարարությունը նպատակահարմար է համարել կազմակերպել ավագ դպրոցներում, իսկ վրացերենն ու պարսկերենը՝ հիմնական դպրոցներում: «Ուսումնական նյութեր ունենալու հարցում մեզ շատ օգնեցին ԵՊՀ մասնագետները՝ մասնավորապես վրացերենի և ադրբեջաներենի հարցում, իսկ պարսկերենն արդեն իսկ ուսուցանվում էր թիվ 158 դպրոցում»,- նշում է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչը։  

Անուշ Լալազարյանի խոսքով՝ հաստատությունները հիմնականում լեզվի ուսուցումը կազմակերպել են խմբակի ձևաչափով, որոշ դպրոցներ նաև որպես երրորդ օտար լեզու են ներառել. «Թուրքերենն ընտրել է 11 դպրոց, ադրբեջաներենը՝ 4 դպրոց, 7 դպրոց՝ պարսկերենը, 3 դպրոց՝ վրացերենը»։ 

Նախարարությունը նախատեսել էր, որ մարզերում աշխարհագրական դիրքից ելնելով կընտրեն տարածաշրջանային լեզուները, սակայն բաշխվածությունը բավական տարբեր է: «Չկար կոնկրետ տարածաշրջան, որ սահմանակից լիներ Վրաստանին, և իրենք վրացերենն ընտրեին։ Օրինակ՝ ադրբեջաներենն ընտրել են հիմնականում Մեղրիում, Երևանում՝ ավելի շատ թուրքերենը, Շիրակի մարզում՝ վրացերենը»,- ասում է Անուշ Լալազարյանը։ 

Ադրբեջաներենի, թուրքերենի ու վրացերենի դասագրքեր դեռևս չկան, լեզուների դասավանդումը ուսումնական նյութերով է իրականացվում։ Նախարարության   հանրակրթության վարչության ներկայացուցիչը նշում է. «Տարածաշրջանային լեզուների ուսուցումն այս ուսումնական տարում փորձարկում էր՝ կուսումնասիրվեն բոլոր թերությունները՝ դրանք շտկելու, ինչպես նաև դասագրքերի հարցը լուծելու համար»։ 

Տարածաշրջանային լեզուների համար դպրոցներում շաբաթական հատկացվում է երկու ժամ։ Երևանի Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցում տարածաշրջանային լեզուներից ընտրել են թուրքերենը՝ ուսուցումը կատարվում է խմբակի ձևաչափով, քանի որ դպրոցում արդեն իսկ երեք օտար լեզու է դասավանդվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։
«Մենք ընտրել ենք թուրքերենը։ Առաջարկվել է բոլոր դասարաններում, նաև ծնողական ժողովների ընթացքում, և հասկացանք, որ դպրոցում 90 տոկոսն ուզում է թուրքերեն ուսումնասիրել»,- ասում է Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցի տնօրեն Մարտին Վարդանյանը։ 

Դպրոցի աշակերտներն էլ կարծում են, որ հակառակորդի լեզուն անհրաժեշտ է իմանալ: «Թուրքերենը հեշտ է, հիմնված է մի քանի լեզուների վրա՝ արաբերեն, պարսկերեն, ֆրանսերեն, հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Ենթադրում եմ՝ դպրոցն ավարտելիս կունենամ Բ1 կամ Բ2 մակարդակ»,- ասում է Գագիկը։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանի կարծիքով էլ՝ դպրոցներում տարածաշրջանային լեզուների դասավանդման փոխարեն ճիշտ կլիներ աշակերտները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը խորացված ուսումնասիրեին. «Ես, լինելով 37 տարվա դասախոս և ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, հակված էի ավագ դպրոցում առկա ժամերը բարձր տեխնոլոգիաներին հատկացնելու տեսանկյանը»։ 

Այս տեսակետին զուգահեռ Ալեքսանդր Սաֆարյանը շեշտում է, որ ԵՊՀ-ում թուրքերենը դասավանդվում է 1940 թվականից սկսած՝ հայագետ, արևելագետ Հրաչյա Աճառյանի նախաձեռնությամբ։ Ալեքսանդր Սաֆարյանը նաև բուհերի ուսանողների համար հրատարակված թուրքերեն դասագրքի համահեղինակն է։ Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին թուրքերենը դասավանդվել է Ռուսաստանում ստեղծված դասագրքերով ու ուսումնամեթոդական ձեռնարկներով, որոնք հաճախ հաշվի չեն առել հայ լսարանի համար թուրքերենի դասավանդման առանձնահատկությունները: «Վերջին երկու տասնամյակի ընթացքում ԵՊՀ-ում ստեղծվել է թուրքերենի, ադրբեջաներենի, օսմաներենի, ինչպես նաև թուրքական գրականության և Թուրքիայի պատմության մի շարք դասագրքեր, ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ»,- պատմում է նա։

Ալեքսանդր Սաֆարյանն ընդգծում է՝ թուրքերենի դասագիրքն առաջինն էր, որ ստեղծվեց նորանկախ Հայաստանում, այն ունեցել է 7 հրատարակություն։ Բուհերում դասավանդվող թուրքերենի դասագրքի համահեղինակի խոսքով՝ թուրքերենի և ադրբեջաներենի դասագրքերը անվճար հասանելի են համացանցում։  

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում