Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աֆղանստան. «Թալիբան»-ը առաջարկում է եռամսյա զինադադար՝ բանտարկյալների ազատ արձակման դիմաց

Աֆղանստան. «Թալիբան»-ը  առաջարկում է եռամսյա զինադադար՝ բանտարկյալների ազատ արձակման դիմաց
Աշխարհ
16:01, 16 июль 2021
Աֆղանստանի կառավարության կողմից բանակցողներից մեկը հայտարարել է, որ «Թալիբան» շարժումը եռամսյա հրադադար է առաջարկում՝ 7000 ապստամբ բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Այս մասին հուլիսի 15-ին հաղորդել է France24- ը։

Այսպիսով՝ «Թալիբան»-ը օգտագործում է իր բանակցային ուժեղ դիրքը, որը ձեռք է բերել տարածքային վերջին առաջխաղացմամբ՝  Քաբուլից հնարավորինս շատ զիջումներ ստանալու համար: Չկա որևէ երաշխիք, որ թալիբները կպահեն այս գործարքի բոլոր պայմանները, երբ Աֆղանստանի կառավարությունն ընդունի առաջարկն ու ազատ արձակի 7000 բանտարկյալներին: Այս հրադադարը  կարող է արդյունավետ լինել՝  թալիբների գրանցած հաջողությունների ամրապնդման առումով,  և թույլ չտալ, որ աֆղանական ուժերը ռազմավարական տարածքներ հետ վերցնեն։ Այնուամենայնիվ, կարճատև զինադադարը,  կարող է երկու կողմերի համար էլ պայմաններ ստեղծել՝ սկսելու  ներաֆղանական խաղաղ բանակցությունները, և հասնելու այս հակամարտության քաղաքական լուծմանը:

Հիշեցնենք, որ «Թալիբան» շարժումը պնդում է, որ այժմ վերահսկում է Աֆղանստանի տարածքների 85% -ը։ Աֆղանստանի կառավարությունն այժմ վերահսկողություն ունի նահանգների մայրաքաղաքների վրա, որոնք հիմնականում պետք է մատակարարվեն օդային ճանապարհով:

Սյուզի Սիրականյան