Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Facebook-ի գրեթե 50 հազար օգտատերեր, այդ թվում Հայաստանից, կարող են լինել մասնավոր հսկողության թիրախ. The Washington post

Facebook-ի գրեթե 50 հազար օգտատերեր, այդ թվում Հայաստանից, կարող են լինել մասնավոր հսկողության թիրախ. The Washington post
Աշխարհ
15:58, 17 декабрь 2021
Facebook-ը ծանուցում է ավելի քան 100 երկրների մոտ 50 հազար օգտատերերի, որ նրանք կարող էին հաքերային հարձակումների թիրախ լինել՝ պետական կառույցների կամ մասնավոր հաճախորդների համար աշխատող, հսկող ընկերությունների կողմից, հինգշաբթի ասել է ընկերությունը, գրում է The Washington post-ը։

Այս ծանուցումը Facebook-ի մայր ընկերության՝ Meta-ի ամիսներ տևած հետաքննության արդյունքն է, որը Meta-ի պաշտոնյաներն անվանել են «կիբերվարձկաններ», որոնք զբաղվում են «հետախուզությամբ՝ վարձատրության դիմաց»: Արդյունքում Facebook-ը հայտարարել է, որ հարկադիր գործողություններ է ձեռնարկում չորս երկրներում տեղակայված յոթ հսկող ընկերությունների դեմ՝ հեռացնելով մոտ 1500 կեղծ հաշիվներ, արգելափակելով վնասակար վեբ հասցեները և ուղարկելով ընկերություններին իրենց գործունեությունը դադարեցնելու պահանջով նամակներ։

Meta-ի հետաքննիչները եզրակացրել են, որ այս ընկերությունները օգտագործել են Meta-ի Facebook-ի և Instagram-ի դուստր ձեռնարկությունները հսկողության համար՝ հիմնականում հետազոտելու և լրտեսող ծրագրերի միջոցով հետագայում վարակվող թիրախները մշակելու համար: 

Նախկինում կային պնդումներ, որ լրտեսական ծրագրակազմն օգտագործվում է միայն ահաբեկիչների և լուրջ հանցագործների դեմ, ինչպիսիք են թմրավաճառները և մանկապիղծները: Սակայն  Meta-ի հետաքննությունը պարզել է, որ հսկող ընկերությունները «պարբերաբար» թիրախավորում են քաղաքական գործիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, այլախոհներին և ընդդիմադիր գործիչների ընտանիքի անդամներին։

Meta-ն հաստատել է իսրայելական NSO Group-ի Pegasus լրտեսական ծրագրի գործունեության վերաբերյալ հետաքննության արդյունքները։ Ընկերությունը 2019 թվականին NSO Group-ի դեմ դատական հայց է ներկայացրել WhatsApp-ի միջոցով լրտեսող ծրագրեր ներբեռնելու համար։

Այն ընկերությունների թվում, որոնց նկատմամբ Meta-ն պատժամիջոցներ է կիրառել, կա հսկողություն իրականացնող փոքր-ինչ հայտնի  ընկերություն՝ Cytrox անունով, որը տեղակայված է Հյուսիսային Մակեդոնիայում: Meta-ի զեկույցում ասվում է, որ այն հեռացրել է Facebook-ի և Instagram-ի 300 էջ, որոնք ընկերությունը օգտագործում էր թիրախներին ներգրավելու և խաբելու համար։

«Թիրախավորումը, որը մենք տեսնում ենք, տարբեր է: Նրանք թիրախավորում են լրագրողներին,  քաղաքական գործիչներին, իրավապաշտպաններին և նաև հասարակ քաղաքացիներին»,- ասում է Meta-ի անվտանգության քաղաքականության ղեկավար Նաթանիել Գլեյչերը։ 

Նշվում է, որ 10 երկիր հանդիսանում է Cytrox-ի հաճախորդ, այդ թվում՝ Եգիպտոսը, Հայաստանը, Հունաստանը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Կոլումբիան, Կոտ դ՛Իվուարը, Վիետնամը, Ֆիլիպինները և Գերմանիան։

Հիշեցնենք, որ այսօր  մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ առաջին անգամ Հայաստանը որպես պետություն անմիջականորեն հայտնվել է այն երկրների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու և լրտեսելու համար։ 

«Վարակումը գնացել է կեղծ հղումներով, որոնք նմանակել են իրական կայքեր, օրինակ՝ youtube[.]net, SMS-ների և մեսենջերներից ուղարկած հաղորդագրությունների միջոցով»,- հայտնել է Մարտիրոսյանը։
 
Սյուզի Սիրականյան