Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Պետդեպի կարծիքով՝ ՌԴ-ն ահաբեկչության հովանավոր երկիր ճանաչելը կարող է խաթարել հացահատիկային գործարքը. Politico

ԱՄՆ Պետդեպի կարծիքով՝ ՌԴ-ն ահաբեկչության հովանավոր երկիր ճանաչելը կարող է խաթարել հացահատիկային գործարքը. Politico
Աշխարհ
11:37, 19 август 2022
ԱՄՆ Պետդեպարտամենտը ոչ պաշտոնապես նախազգուշացրել է Կոնգրեսին իր մտավախությունների մասին՝ կապված Ռուսաստանը ահաբեկչության հովանավոր երկիր ճանաչելու ԱՄՆ օրենսդիրների մտադրությունների հետ, գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրին։

Պետդեպարտամենտը մտավախություն ունի, որ դա կարող է հանգեցնել հացահատիկային գործարքի խաթարմանը, որի շրջանակներում վերականգնվել է ուկրաինական պարենի արտահանումը Սև ծովով։ Բացի դրանից, դա կդադարեցնի Ռուսաստանի հետ ամերիկյան ընկերությունների շփումները (ներառյալ հացահատիկի գործարքի մասնակիցների) և կբարդացնի երկու երկրների հարաբերություններն այն ոլորտներում, որոնցում նրանք դեռևս համագործակցում են: 

Պետդեպարտամենտը պաշտոնապես դեռևս չի արտահայտվել Ռուսաստանը ահաբեկչության հովանավոր երկիր ճանաչելու Կոնգրեսի ծրագրերի առնչությամբ՝ նշելով միայն, որ այդ հարցում որոշում պետք է կայացնի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, և որ Ռուսաստանի նկատմամբ արդեն իսկ սահմանված պատժամիջոցները գրեթե համարժեք են այն հետևանքներին, որն ունի ահաբեկչության հովանավոր երկրի կարգավիճակը։