Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիա-Ռուսաստան-Իրան-Սիրիա քառակողմ հանդիպումը չեղարկվում է

Թուրքիա-Ռուսաստան-Իրան-Սիրիա քառակողմ հանդիպումը չեղարկվում է
Աշխարհ
22:47, 16 март 2023
Օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Ռուսաստանում քառակողմ՝ Թուրքիա-Սիրիա-Իրան-Ռուսաստան հանդիպում է նախատեսվում արտգործնախարարների մակարդակով:

Ըստ թուրքական կողմի՝ ռուսական կողմից արդեն հրավեր կա և կողմերի փոխարտգործնախարարները մարտի 15-ին պետք է ժամանեին Մոսկվա հանդիպման մանրամասները քննարկելու համար։ Սակայն, մարտի 16-ին պարզ է դարձել, որ հանդիպումը տեխնիկական պատճառներով անհայտ ժամանակով հետաձգվել է։

Այդ մասին հայտնել էր Reuters-ը՝ Թուրքիայի ԱԳՆ-ից ստացված տեղեկության վրա հիմնվելով։ Ավելի ուշ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ հանդիպումը չեղարկվել է սիրիական կողմի չհաստատման պատճառով։

Մոսկվայում «Sputnik» լրատվական գործակալության հետ զրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կհանդիպի,  եթե Թուրքիան դուրս գա Սիրիայի հյուսիսային հատվածից ամբողջությամբ, չհովանավորի ահաբեկչական խմբերին և նշել, որ իրենց համար Թուրքիան օկուպանտ պետություն է։