Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Կրեմլում հանդիպում են Պուտինն ու Ասադը

Այսօր Կրեմլում հանդիպում են Պուտինն ու Ասադը
Ռուսաստան
14:39, 15 март 2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։

Կրեմլի մամուլի ծառայությունը նախօրեին հայտնել է, որ երկու երկրների առաջնորդների քննարկման օրակարգում են քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր, Սիրիայում իրավիճակի կարգավորման հեռանկարները։

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաշար Ասադը Մոսկվա է ժամանել նախօրեին, «Վնուկովո» օդանավակայանում նրան դիմավորել են ռուսաստանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում Մերձավոր Արևելքի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը:

Թուրքական աղբյուրների համաձայն՝ մարտի 15-16-ը Մոսկվայում նախատեսված է նաև Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարների հանդիպում։

Մինչ այդ՝ դեկտեմբերին, Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպում էին ունեցել Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը և ծայրահեղականների դեմ պայքարը։ Սա Սիրիայի և Թուրքիայի պաշտոնյաների առաջին պաշտոնական շփումն էր վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում։