Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Տարածաշրջան
18:16, 29 март 2024
Մարտի 28-ին ադրբեջանական AzTV հեռուստատեսությունը պետք է եթեր հեռարձակեր հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, որը ներկայումս գտնվում է Բաքվի բանտում։

Հայտարարված հարցազրույցը, սակայն, եթեր չի հեռարձակվել։

Սոցիալական ցանցերում հեռուստաալիքի նկատմամբ տեղացել են հեռուստադիտողներին խաբելու մեղադրանքներ։

AzTV հեռուստաալիքի մամուլի քարտուղար Ռուֆաթ Սեիդովը ի պարզաբանում հայտնել է, որ թեև նախապես հայտարարվել է, որ խնդրո առարկա հարցազրույցը կհեռարձակվի մարտի 28-ին,սակայն հետո այս տեղեկությունը ջնջվել է AzTV-ի սոցցանցերի էջերից։
«Հարցազրույցների հեռարձակումը կախված է ոչ միայն մեզանից։ Մենք կանգնած ենք հարցի առաջ, թե որքանո՞վ է նպատակահարմար այն հրապարակել հիմա։ Երեկ չէինք էլ հայտարարել, որ հարցազրույցը կցուցադրվի երեկոյան եթերում։ Ճիշտ է, մարտի սկզբին հայտարարություն ենք տվել, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ հարցազրույցի հրապարակման հետ կապված որոշ պարզաբանումներ են անհրաժեշտ։ Հետևաբար, հեռուստադիտողների միջև խառնաշփոթությունից խուսափելու համար մենք հեռացրել ենք այս գովազդները մեր բոլոր սոցիալական հաշիվներից:

Երեկ կայքերում և սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, ըստ էության, հղում էր մարտի սկզբին արված հայտարարությանը, որը ջնջվել է։ Քաղաքացիները կարծես թե համոզված էին, որ մարտի 28-ին անպայման եթեր է դուրս գալու հարցազրույցը»,- ասել է նա։

Միաժամանակ Սեյդովը նշել է, որ հարցազրույցը կհրապարակվի։

«Հեռարձակում անպայման կկայանա, բայց երբ՝ պարզ չէ։ Հենց ժամանակը հայտնի լինի, հարցազրույցի հրապարակման օրը կհայտարարենք»,- հավելել է նա։

Հրապարակումը` armtimes.com