Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի հայ համայնքում խորանում է անհանգստությունը՝ կապված հիմնադրամների ընտրությունների նոր կանոնակարգի հետ

Թուրքիայի հայ համայնքում խորանում է անհանգստությունը՝ կապված հիմնադրամների ընտրությունների նոր կանոնակարգի հետ
Տարածաշրջան
22:33, 13 апрель 2022

2013 թվականին Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը չեղարկել էր փոքրամասնությունների հիմնադրամներում ընտրությունների անցկացման գործող կանոնակարգը: Վարչությունը դա հիմնավորել էր նոր, ավելի բարեփոխված կանոնակարգ կազմելու անհրաժեշտությամբ: Այդ ժամանակվանից սկսած պոլսահայ համայնքը չի կարողանում իր հիմնադրամներում գործադիր մարմինների պարբերական ընտրություններ անցկացնել պետության կողմից հաստատված կանոնակարգի բացակայության պատճառով: Համայնքի կողմից խնդրի պարբերական բարձրաձայնումից հոտո Թուրքիայի մշակույթի նախարարը խոստացել էր, որ 2022-ի ապրիլին փոքրամասնությունների հիմնադրամների համար նոր ընտրական կանոնակարգ կհրապարակվի: 


Սակայն կանոնակարգի սպասվող մոտալուտ հրապարակումը մեծ հավանականությամբ չի լուծելու խնդիրն ամբողջությամբ, ինչի պատճառով էլ մեծացել է անհանգստությունը համայնքի անդամների շրջանում: Բանն այն է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության ու հիմնադրամների գլխավոր վարչության ներկայացուցիչների՝ հայ համայնքի հետ հանդիպմանը զուգահեռ ակտիվանում են խոսակցություններն այն մասին, որ նոր կարգավորմամբ համայնքին պատկանող Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամում գործադիր խորհրդի ընտրություններ չեն անցկացվելու կամ էլ դրանք հետաձգվելու են: Նույն խոսակցությունները կան նաև հունական հիվանդանոցի վերաբերյալ:


Համայնքին պատկանող ամենամեծ կառույցներից մեկի՝ Սբ. Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամում ընտրությունների հնարավոր բացառման մասին լուրերը մեծ անհանգստություն են առաջացրել համայնքային գործիչների շրջանում: Վերջիններս նախաձեռնել են առցանց ստորագրահավաք՝ ընդդեմ այնպիսի կանոնակարգի հրապարակման, որը կարող է հիշյալ հիմնադրամը դուրս դնել ընտրական գործընթացից:


Ստորագրահավաքին այս պահին միացել են ավելի քան 250 համայնքային գործիչներ: Ըստ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի կայքի՝ «Facebook» սոցցանցում ստորագրահավաքը դեռևս բաց է, և հայ համայնքի անդամները կարող են միանալ դրան: