Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ոչ ոք չգիտի, թե որը կլինի Պուտինի հաջորդ քայլը». Նորվեգիան պատերազմի է պատրաստվում Ռուսաստանի հետ

«Ոչ ոք չգիտի, թե որը կլինի Պուտինի հաջորդ քայլը». Նորվեգիան պատերազմի է պատրաստվում Ռուսաստանի հետ
Ռուսաստան
18:13, 22 январь 2024
ՆԱՏՕ-ի երկրները պետք է մեծացնեն իրենց ռազմական պոտենցիալը՝ պատրաստ լինելով Ռուսաստանի հարձակմանը, հայտարարել է Նորվեգիայի զինված ուժերի հրամանատար, գեներալ Էյրիկ Քրիստոֆերսենը NTB-ին տված հարցազրույցում։

«Հիմա պատուհան կա, հավանաբար մեկ, երկու, միգուցե երեք տարի, երբ մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք հուսալի պաշտպանության համար: Մենք պետք է ՆԱՏՕ-ի ծրագրերը համալրենք բովանդակությամբ և ապահովենք անհրաժեշտ պոտենցիալը»,- ասել է նա՝ հավելելով, որ այս պահին այստեղ «խնդիրներ» կան։

Քրիստոֆերսենը նշել է, որ Ռուսաստանը «զգալիորեն ավելացրել է» իր ռազմական արտադրությունը՝ ռազմարդյունաբերական համալիրը բերելով աշխատանքի շուրջօրյա ռեժիմի, ինչպես նաև համագործակցում է Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ համալրելու համար իր զինանոցը. դա նշանակում է, որ ավելի արագ է զինվում, քան ենթադրում էր ՆԱՏՕ-ն դեռ նախորդ տարի։
«Մենք չգիտենք, թե ինչ կլինի Ռուսաստանի հետ երեք տարի անց: Մեզ համար կարևոր է դիմավորել անորոշ և անկանխատեսելի աշխարհը ուժեղ ազգային պաշտպանությամբ։ Ուստի հիմա պետք է շահավետ օգտագործենք ժամանակը»,- ընդգծել է գեներալը։ 
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրներն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեն իրենց հակաօդային պաշտպանության ամրապնդմանը, ինչպես նաև մեծ հեռահարության հրթիռների, արկերի և ռազմական տեխնիկայի պահեստամասերի արտադրությանը։

Միաժամանակ Քրիստոֆերսենը խոստովանել է, որ Ուկրաինայում պատերազմը կլանում է Նորվեգիայի և եվրոպական այլ երկրների զենքի պաշարների մեծ մասը։ «Դա երկընտրանք է: Բայց շատ կարևոր է, որ մենք աջակցենք Ուկրաինային այն ամենով, ինչ նրան պետք է, և այնքան, որքան պահանջվում է: Իսկ սա կարծես երկար կտևի»,- նշել է նա։

Գեներալը հավելել է, որ առայժմ Կիևին սպառազինության մատակարարումը «հաշվարկված ռիսկ է»։ Եթե Նորվեգիային հենց հիմա սպառնար հարձակում, ապա նա չէր կարողանա նախկին ծավալով օգնել, բայց ներկա իրավիճակում դա այդպես չէ, վստահեցրել է Քրիստոֆերսենը՝ նշելով, որ Ուկրաինայում պատերազմը նաև Ռուսաստանից է խլում ռեսուրսներ:

Գեներալն ընդգծել է, որ «աշխարհում ստեղծվել է անվտանգության լուրջ իրավիճակ», և «ոչ ոք չգիտի, թե որը կլինի Պուտինի հաջորդ քայլը»։ Նա նաև կոչ է արել Նորվեգիայի քաղաքացիներին չանտեսել այս փաստը և մտածել սեփական անվտանգության մասին։ «Մենք յուրաքանչյուրին խորհուրդ ենք տալիս տրամադրել երեք օր ՝ պատրաստվելու համար, և երկարացնել այդ ժամկետը, եթե դուք շատ խոցելի եք»,- եզրափակել է Քրիստոֆերսենը: