Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային». Մեդվեդև

«Ռուսաստանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային». Մեդվեդև
Ռուսաստան
12:42, 22 февраль 2023
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային։ Այս մասին նա գրել է Telegram-ում։

Մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին հղված ուղերձը, որում, ի թիվս այլ բաների, հայտարարվել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին Ռուսաստանի մասնակցության դադարեցման մասին, Մեդվեդևն ասել է, որ ինքը խոսել է այդ «հասունացած որոշման» անհրաժեշտության մասին դեռևս անցյալ տարի։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանին այս որոշմանն է մղել Ռուսաստանի Դաշնության դեմ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հայտարարած պատերազմը», այդ թվում՝ Կիևին զենքի մատակարարումը։

 «Ամերիկյան իսթեբլիշմենթը մինչ այժմ մտածում էր մոտավորապես այսպես. մենք ձեզ կփչացնենք ամենուրեք և ամեն ինչում, <...> բայց ռազմավարական անվտանգությունն առանձին թեմա է։ Դա կապված չէ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունների ընդհանուր համատեքստի հետ։ Դա գրեթե սուրբ կով է»,- գրել է քաղաքական գործիչը։ 

Մեդվեդևը սխալմունք է համարել ԱՄՆ-ի այս ուղին, որն առաջացել է նրանց «գերազանցության և անպատժելիության զգացումից»: Նա ընդգծել է, որ «եթե ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի պարտությունը», ապա աշխարհը կհայտնվի գլոբալ հակամարտության շեմին, քանի որ Ռուսաստանն «իրավունք կունենա պաշտպանվելու ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային»։

Նախօրեին Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղված ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրին։ Պետդուման հայտարարել է, որ դա չի հանգեցնի միջուկային սպառազինությունների մրցավազքի։

ՄԱԿ-ը Ռուսաստանի Դաշնությանը և ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ վերադառնալ Պայմանագրի իրականացմանը։