Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում կայացել է 3+2 ձևաչափով հանդիպումը․ ի՞նչ հարցեր են քննարկվել

Մոսկվայում կայացել է  3+2 ձևաչափով հանդիպումը․ ի՞նչ հարցեր են քննարկվել
---
20:17, 10 декабрь 2021
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական կայքը ԶԼՄ-ների համար հաղորդում է տարածել, որում ասվում է․ «դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռուդենկոյի, Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆովի, Հայաստանի փոխարտգործնախարար Գևորգյանի, Թուրքիայից՝ Օնալայի,  ինչպես նաև Իրանի արտգործնախարարության գլխավոր տնօրեն Հագիգիանիի մասնակցությամբ։ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել բոլոր մասնակիցներին հետաքրքրող գործնական հարցերի վրա։ Դրանք ներառում են վստահության բարձրացման, առևտրի, տնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելուն ուղղված միջոցառումներ:

Հինգ երկրների ներկայացուցիչները հետաքրքրություն  են ցուցաբերել Վրաստանի՝ հարթակին միանալուն․ Վրաստանի համար «դուռը» մնում է բաց։


Համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հնարավոր ներգրավմամբ քննարկվել են հետագա քայլերն ու ապագա աշխատանքային ծրագրերը»։

Հիշեցնենք, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել այս ձևաչափին միայն այն դեպքում, եթե առկա խնդիրները գործող ձևաչափերից չտեղափոխվեն նոր ձևաչափ։ Այս մասին հայտարարել են ինչպես Հայաստանի վարչապետը, այնպես էլ երկրի ԱԳՆ-ն։ Դա առաջին հերթին վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, որն արդեն կարգավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։