Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոռոգման ջրի դեֆիցիտը պայմանավորված է նաև Թուրքիայի նոր ջրամբարների կառուցմամբ․ Սուրեն Պապիկյան

Այսօր ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ոռոգման ջրի դեֆիցիտի խնդրին.

«Մեր ջրավազանի հիմնական գետերը, որոնք ապահովում են նաև ջրամբարների լցվածությունը, մինչև հուլիս ամիս հենց այդ գետերի ավազանով հոսող ջուրն է հանդիսանում ոռոգման աղբյուր ու նաև դա թույլ է տալիս ջրամբարներից ջուրն ավելի ուշ վերցնել։ Այս մայիս ամսից սկսեց կտրուկ իջնել՝ 70-80 տոկոսով, մեր կարևոր գետերի ջրատվությունը։ Մասնավորապես Հրազդանի, Ախուրյանի, Արաքսի ջրատվությունը կտրուկ իջել է։ Սա պայմանավորված է թե եղանակային գործոններով, թե նաև Արաքս-Ախուրյան թևում հարևան Թուրքիայի նոր ջրամբարների կառուցմամբ՝ ջրի կառավարման մոդելի փոփոխությամբ»,- ասաց Պապիկյանն ու հավելեց, որ հիմա նախարարությունը նախագծում է նոր ջրամբարներ կառուցել Ախուրյանի ավազանում՝ Արագածոտնի և Շիրակի այն հատվածներում, որտեղ հնարավոր է ջուր կուտակել, որպեսզի կարողանան բալանսավորել։