Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ռիսկերը կառավարելի են. Ներսես Երիցյան․ տեսանյութ

Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ 
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանը հիմնական զեկուցող ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարցրեց, թե փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման գործընթացում մենք ի՞նչ պատկեր ունենք, ԿԲ-ն ի՞նչ պատկեր է  արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, արդյոք ՀՀ-ն այդ իմաստով գրավի՞չ է աշխարհում, արդյոք ՀՀ-ում նույն ներդրողները ահաբեկչության մասով ապահովագրվա՞ծ են նմանատիպ ռիսկերից, որպեսզի նաև քաղաքացիները հասկանան, թե ինչ պատկեր է այսօր Հայաստանում։
Ի պատասխան, Ներսես Երիցյանն ասաց, որ հիմա իր ձեռքի տակ տվյալներ չկան, սակայն հաշվետվությունը, ռազմավարությունը հրապարակային փաստաթղթերը վերջերս են հաստատել, որը տարիներով ցույց է տալիս այդ դինամիկան։ 
Նա նաև նշեց, որ խոսքը չի գնում ահաբեկչության կամ հանցագործության դեմ պայքարի մասին, այլ խոսքը գնում է դրանց  ֆինասավորման կանխարգելման կամ կասկածելի դեպքերի մասին, իրավապահ մարմինների տեղեկատվության տրամադրմամբ, որը հետևում է մնացած գործողություններին։ 
«Այս տեսակետից ռիսկերը գնահատված են, մենք կարծում ենք որ այդ ռիսկերը կառավարելի են, որովհետև մենք ստանում ենք մանրամասն տեղեկատվություն բոլոր գործարքների մասին, 20 միլիոնից ավել և 5 միլիոնից ավել բոլոր գործարքների մասին, կանխիկ մուտքի ելքի մասին։  Սահմանը հատելու և ներկրելու վերաբերյալ սահմանափակում չկա, բայց տեղեկատվություն ստանում ենք, ունենք շատ լուրջ տվյալների բազաներ, որոնց հիման վրա վերլուծություններ ենք իրականացնում»,-ասաց Ներսես Երիցյանը։