Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունը մերժվեց

Դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունը մերժվեց
Իրավունք
16:12, 21 октябрь 2021
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը չի կասեցվի։ ԲԴԽ-ն մերժեց վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նման միջնորդությամբ հանդես է եկել դատավոր Սերգեյ Մարաբյանը՝ նախորդ նիստին՝ պահանջելով կասեցնել վարույթը և դիմել ՍԴ։ Միջնորդություններից մեկով դատավորը բարձրացրել էր «Դատական օրենսգիրք սահմանադրական» օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցը; Նրա դիտարկմամբ՝ նյութական կամ դատավարական օրենքի խախտման հիմքում դատավորը ստիպված է լինելու բացատրություն ներկայացնել և հաշվետու լինել՝ իր կողմից կայացված դատական ակտի համար, այլ կերպ՝ պարզապես չի կարող պաշտպանվել իրեն վերագրվող կարգապահական խախտումից, ինչը վտանգավոր է, քանի որ դատավորը վարույթի շրջանակներում նույնացվում է իր կողմից քննված գործով դատավարության կողմի հետ՝ ում օգտին կայացրել է որոշում։ Երկրորդ միջնորդությամբ դատավորը բարձրացրել էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ վարույթներ հարուցելու լիազորության սահմանադրականության հարցը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր կայացած նիստին ներկայացված առաջին միջնորդության շուրջ առարկություններ ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը։ Վերջինս գտնում է, թե ԲԴԽ-ի կողմից՝ նյութական կամ դատավարական խախտումների վերաբերյալ վարույթներ քննելիս փաստական տվյալներին անդրադառնալը նորմալ է և դա չի նշանակում, որ դատավորը ոչ մի կերպ չի կարող նույնացվել մեղադրյալի հետ, ըստ Սուրեն Գրիգորյանի, այդ նույնացման մասին պնդումն արհեստական է։ 
Ըստ Գրիգորյանի՝ կարգավորումները հակասահմանադրական չեն և ՍԴ դիմելու հիմքեր չկան։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի՝ Ժիրիկ Սիրեկանյանի խափանման միջոցը փոխելու համար։ Մասնավորապես, ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջին ատյանի դատարանը, քննելով Սիրեկանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, որոշել է բավարարել այն, ինչը պաշտպանության կողմը վիճարկել է։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբանի բողոքը՝ բեկանելով Սիրեկանյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հիմքում դնելով մեղադրյալի այլուրեքությունը՝ դեպքի վայրում չգտնվելու հանգամանքը փաստող տվյալները։

Այսինքն՝ վերծանումներ են եղել, որոնք հաստատել են, որ դեպքի ժամին մեղադրյալը գտնվել է այլ տեղանքում։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ էլ վճռաբեկ բողոք էր ներկայացրել արդեն դատախազությունը, որի արդյունքում այն բեկանվել էր։ Վճռաբեկ դատարանի սույն որոշումից հետո դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել։