Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս դեպքով ԲԴԽ-ն կանգնեց հենց դատավորի կողքին, դատավորի անկախության կողքին. Արման Հովհաննիսյանը՝ իրեն պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճելու մասին․ Տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԲԴԽ-ն որոշեց մերժել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արման Հովհաննիսյանն ասաց, որ ԲԴԽ-ի որոշումը շատ բարձր է գնահատում, ինչի համար շնորհակալ է ԲԴԽ-ին՝ նման որոշում կայացնելու համար։

«Այս դեպքով ԲԴԽ-ն կանգնեց հենց դատավորի կողքին, դատավորի անկախության կողքին և իրականացրեց արդարադատություն։ Այս որոշումն ինքն իր մեջ լավ նախադեպային որոշում կլինի կարգապահական վարույթների հետ կապված՝ երկու իմաստով. առաջինը, որ, ինչքան գիտեմ, ԲԴԽ-ն երբ միջնորդությունը կարճում է, դա ևս նախադեպային կլինի, և երկրորդ՝ դրանով կկանխվի ենթադրյալ արատավոր այն վտանգավոր պրակտիկան, որը կարող էր շարունակվել, որ, օրինակ, եթե նախարարը ինչ-ինչ միջնորդություններ է ներկայացնում, չի բավարարվում, դրանից հետո ինքը կարգապահական վարույթ է հարուցում»,- ասաց դատավորը։

Նա նշեց, որ այս որոշումով արդեն իսկ դա էլ կկանխվի։ Եվ եթե նախարարը տվյալ գործով կողմ է, ուրեմն ենթադրվում է, որ ինքը չի կարող կարգապահական վարույթ  հարուցել։

Հիշեցնենք, որ Արման Հովհաննիսյանն այն դատավորն էր, որը 2020 թվականի նոյեմբերի 19-ին մերժեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և չկալանավորեց իշխանության յուրացումն ու վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար մեղադրվող «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։