Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի պաշտպանի միջնորդությունը դատախազ Կարեն Բիշարյանին հարցաքննելու մասին

Դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի պաշտպանի միջնորդությունը դատախազ Կարեն Բիշարյանին հարցաքննելու մասին
Իրավունք
17:03, 26 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի  նախագահությամբ, ընթացավ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը:

Վազգեն Մանուկյանի պաշտպանը միջնորդեց դատարանին դատախազության դատախազ Կարեն Բիշարյանին դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել. «Կարեն Բիշարյանը ՍԴ-ում արտահերթ ընտրությունների վիճարկման դիմումներով որպես հարակից պատասխանող կողմ բարձր դատարանում անդրադարձավ նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների ելույթներում ատելության խոսքի և բռնության հրապարակային կոչերի օգտագործման հարցին: Նա նշել է հետևյալը. «Նախընտրական քարոզչության ընթացքում բռնության տարրեր պարունակող խոսքի առերևույթ ցայտուն դեպքերը քրեակատարողական ընթացակարգերով ստուգվել են, և կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ: Նա ասել է, որ դատախազությունը գտնում է, որ կախված խոսքի համատեքստից, խոսքը արտահայտողի անձից, դիտավորությունից, խոսքի բովանդակությունից և ձևից, սրությունից և վնասի հնարավորությունից՝ այդ չափանիշներով պետք է գնահատել բռնության կոչի և բռնության սպառնալիքի հանրային վտանգավորությունը:

Եվ քրեական հետապնդում իրականացնող մարմինները հենց այս չափանիշներով էլ որոշում են կայացրել»,- ասաց պաշտպանն ու հավելեց, որ Բիշարյանն ասել է նաև, որ նախընտրական քարոզչության ընթացքում Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ելույթները իրենց ամբողջության մեջ չեն կարող համարվել բռնության կոչեր: 
 
Վազգեն Մանուկյանի պաշտպանը ընդգծեց, որ այս ամենը հաշվի առնելով՝ այսօր դատախազը պետք է բարեխիղճ գտնվի և հրաժարվի մեղադրանքից. «Ես գտնում եմ, որ Կարեն Բիշարյանը պետք է հրավիրվի դատարան և ասի՝ արդյոք ինքը որպես անհա՞տ է իր դիրքորոշումը հայտնել, թե՞  դա դատախազության համակարգի իրավական դիրքորոշումն է»: 

Ըստ պաշտպանի՝ Վազգեն Մանուկյանի հայտարարությունները գտնվել են քաղաքական տիրույթում և չեն կարող պարունակել հանցագործության տարրեր: 

Մեղադրող դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ այն համարելով անհիմն և կապ չունեցող այս գործի հանգամանքների հետ: 
Վազգեն Մանուկյանի պաշտպանն էլ արձագանքեց. «Փաշինյանը երբ ասում էր՝ «Մուրճով գնալու ենք սաղի գլխներին տանք», Կարեն Բիշարյանն ասաց, որ այդ հայտարարությունը քաղաքական տիրույթում է և հանցագործության հատկանիշներ չի պարունակում: Իսկ Վազգեն Մանուկյանը նույնիսկ նման բան չի ասել, հետևաբար նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի Մանուկյանի նկատմամբ, հակառակ պարագայում ստացվում է սա քաղաքական հետապնդում»:

Դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի պաշտպանի միջնորդությունը դատախազ Կարեն Բիշարյանին որպես վկա հարցաքննելու մասին՝ պատճառաբանելով, որ գործով վկան հրավիրվում է տվյալ գործով հստակ փաստական հանգամանքներ ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ պատերազմից հետո մի շարք ընդդիմադիրների կողմից կազմված «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը մեղադրվում է 2021թ. փետրվարին` հրապարակային եղանակով իշխանությունը զավթելու և բռնության կոչեր անելու համար: