Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գումարտակի հրամանատարի տեղակալի կալանավորումը մերժել է դատարանը, իսկ մեկ այլ զինծառայողի կալանքի միջնորդությունը կքննվի այսօր, ժամը 17։00-ին

Գումարտակի հրամանատարի տեղակալի կալանավորումը մերժել է դատարանը, իսկ մեկ այլ զինծառայողի կալանքի միջնորդությունը կքննվի այսօր, ժամը 17։00-ին
Իրավունք
15:55, 10 декабрь 2021
Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանից հայրենադարձված  10 գերիներից 5-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ 5-ի վերաբերյալ էլ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին Civic.am-ին հայտնել էր Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

5 մեղադրյալներից՝ պայմանագրային զինծառայող Արտյոմ Մանասյանի շահերի պաշտպան Ալեքսան Թումասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր՝ ժամը 17։00-ին։ Պաշտպանի խոսքով՝ Արտյոմ Մանասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, բացի դրանից, ներկա պահին առողջական խնդիր ունի՝ թոքաբորբով հիվանդ է և գտնվում է զինվորական հոսպիտալում։  

Եվս մեկ պայմանագրային զինծառայող՝ Սերժիկ Ամիրխանյանի պաշտպան Լևոն Վարդապետյանն էլ հիշատակեց, որ թեպետ իր պաշտպանյալին կալանավորելու միջնորդությունն արդեն իսկ քննվել և բավարարվել է առաջին ատյանի դատարանի կողմից, բայց որոշումն ստանալուն պես բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում: «Գտել են, որ Սերժիկ Ամիրխանյանի մոտ չկան առողջական խնդիրներ, որ հոսպիտալացման անհրաժեշտություն լինի, բայց դեպքերի ժամանակ ուսին վնասվածք է ստացել, ոնց որ հակառակորդը զենքով հարվածել է։ Սերժիկ Ամիրխանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, մեղադրանքի հետ կապված ներկայումս մանրամասներ չեմ կարող հայտնել»,- հավելեց նա։

Որպես մեղադրյալ ներգրավվածների շարքում է նաև մայոր Նարեկ Յերինյանը։ Նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը նշեց, որ իր պաշտպանյալը գումարտակի հրամանատարի տեղակալ էր նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ և Ջերմուկի դիրքերից գերեվարվելու ժամանակ միայնակ չի եղել։ Պաշտպանի խոսքով՝ թեպետ դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը՝ խափանման միջոցի կիրառման ընտրությունը թողնելով վարույթն իրականացնող մարմնին, այնուամենայնիվ  դատախազությունը իրավունք ունի բողոքարկելու։  

Մեր հարցին՝ արդյոք առողջական խնդիրների պատճառո՞վ է մերժվել կալանավորումը, պաշտպանն արձագանքեց. «Իմ պաշտպանյալը չունի առողջական խնդիրներ։ Դատարանը ամբողջ ծավալով քննել է կալանքի միջնորդությունն ու մերժել։ Մնացած մեկնաբանություններից այս պահին զերծ եմ մնում»։  

Նարա Մարտիրոսյան