Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գևորգյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին դիմել ՍԴ՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցը պարզելու համար. որոշումը կհրապարակվի վաղը

Արմեն Գևորգյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին դիմել ՍԴ՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցը պարզելու համար. որոշումը կհրապարակվի վաղը
Իրավունք
16:08, 18 январь 2022
Այսօր՝ հունվարի 18-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ 

ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդել էր ՀՀ ԱԺ պատգամավորական կարգավիճակից բխող հարցի վերաբերյալ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան։  

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից Արամ Օրբելյանը նշեց, որ միանում է միջնորդությանը, քանի որ Ալեքսանյանը բարձրացնում է այն հարցը, որ անձեռնմխելիության որոշակի խնդիրներ կան, և դրանք հաղթահարելու համար անհրաժեշտություն կա, որպեսզի լինի համապատասխան գործիքակազմ: Օրբելյանի մեկնաբանմամբ՝ երբ քրեական գործ է հարուցվում անձի նկատմամբ նախքան նրա պատգամավոր դառնալը և կալանավորվում է, ՍԴ որոշումից հասկանալի է, որ նրա անձեռնմխելիության հարցը պետք է լուծվի ԱԺ համաձայնությամբ, և այդ հարցով ԱԺ պետք է մտնի դատախազությունը, մինչդեռ կալանքի տակ չգտնվող պատգամավորի պարագայում հստակեցված չէ, թե ԱԺ ո՞վ՝ ո՞ր մարմինն է մտնելու պատգամավորի անձեռնմխելիության հարցով: «Օրենսդրության մեջ որևէ կարգավորում այդ հարցով չկա։ Ես միանում եմ Ալեքսանյանի միջնորդությանը՝ դիմել ՍԴ՝ պարզելու, թե արդյոք կա՞ օրենսդրական բաց»,- ասաց պաշտպանը։ 

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին դատարանը չի թույլատրում մասնակցել ԵԽԽՎ նիստերին՝ մերժելով պատգամավորի պաշտպանների միջնորդությունները։ Պատգամավորի պաշտպանների դիտարկմամբ՝ դատարանի մոտեցումը միջամտություն է պատգամավորի գործունեությանը։ 

Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին և չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին: Դրանից հետո խմբակցության պատգամավորները անգամ առցանց չեն մասնակցում ԵԽԽՎ նիստերին։ 

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ Էրիկ Ալեքսանյանը երբ բարձրացրել էր ՍԴ դիմելու հարցը և պատճառաբանել, թե այդ փուլում պարզ չէ՝ դատարա՞նը, թե՞ դատախազը պետք է դիմեն անձեռնմխելիությունը հաղթահարելու համար, դեռ այդ ժամանակ ՍԴ որոշումը կայացված չէր, և պատասխան չէր ստացել այն իրավական վեճը, թե արդյոք մինչև ԱԺ պատգամավորի կարգավիճակ ստանալը սկսված քրեական հետապնդումը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո ենթադրում է ԱԺ համաձայնությո՞ւն դրա կապակցությամբ, թե՞ ոչ. «Այդ մասով Ալեքսանյանը հիմքեր ուներ ասելու, որ այդ հարցը միգուցե վերաբերում է այս գործին, որովհետև ինքը համարում էր, որ թեև Արմեն Գևորգյանը մինչև պատգամավորի կարգավիճակն էր սկսել ենթարկվել քրեական հետապնդման, բայց կարգավիճակ ստանալուց հետո անձեռնմխելիությունը պետք է հաղթահարվի։  Բայց ՍԴ որոշումը կայացնելուց հետո ի՞նչ իմաստ ունի պնդել այդ միջնորդությունը՝ ում անձեռնմխելիության հարցն է հաղթահարվելու։ Դատարանը չի կարող իրեն ոչ ենթակա նորմի սահմանադրականությունը որոշելու համար դիմել ՍԴ»։ 

Դատարանը միջնորդությունը քննարկելու համար գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հունվարի 19-ին։