Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Արղամանյանը կրկին մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը. Նա կշարունակի քննել Բորիս Բախշիյանի խափանման միջոցի հարցը

Դավիթ Արղամանյանը կրկին մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը. Նա կշարունակի քննել Բորիս Բախշիյանի խափանման միջոցի հարցը
Իրավունք
17:32, 04 февраль 2022
Դատավոր Դավիթ Արղամանյանը կրկին մերժեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպանների միջնորդությունը՝ ինքնաբացարկի վերաբերյալ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին։ 

Երեկ դատավոր Բախշիյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով դատարանի նախագահի կողմից մակագրման ընթացքում օրենքով սահմանված՝ այբբենական կարգի խախտումը, որը մերժվել է այսօր առավոտյան։

Մինչ կալանավորման միջնորդության ըստ էության քննությանն անցնելը Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը երկրորդ միջնորդությունն է ներկայացրել՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով դատավոր Արղամանյանի՝ քաղաքականացված լինելու հանգամանքը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարակեց որոշումը՝ կրկին մերժելով ինքնաբացարկի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։