Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Սարգսյանին Հայաստան հանձնելու միակ նպատակը եղել է Մարտի 1-ի գործով նրանից ցուցմունք կորզելը․ փաստաբան

Լևոն Սարգսյանին Հայաստան հանձնելու միակ նպատակը եղել է Մարտի 1-ի գործով նրանից ցուցմունք կորզելը․ փաստաբան
Իրավունք
14:06, 07 апрель 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում շարունակվում է Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) և Սուրեն Ղազարյանի գործով դատական նիստը։

Այս պահին դատարանում հետազոտվում են գործում առկա ապացույցները։

«Այս ընթացքում մենք ոչ մի քաղաքական հայտարարություն չենք արել, մենք զբաղվում ենք զուտ քրեական գործով, զուտ քրեական գործի նյութերով, բայց տեսնում ենք, որ գործի մեջ կա այնպիսի բան, որ հենց քննիչը մեզ բերում մտցնում է քաղաքականության մեջ»,- այսօր դատարանում հայտարարեց Լևոն Սարգսյանի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը։

 Այնուհետև նա նշեց, որ սա  նշանակում, որ Մարտի 1-ի հետ կապված բոլոր մեղադրյալների գործերով, որոնց հետախուզում է հայտարարված և դրանից հետո արդեն արտահանձնման գործ է սկսվել, բոլորը ՌԴ-ն մերժում է և արտահանձնման գործընթացը չէր լինելու։

«Որովհետև մենք հասկանում ենք, եթե մարդը հանցագործություն է  կատարել մարտի 1-ին, մի հատ էլ դրա վերաբերյալ գլխավոր դատախազը հարցազրույցի մեջ ակնարկ է  անում դրա վերաբերյալ, ուստի միանշանակ հասկանալի է, որ արտահանձնումը չի լինելու։ Դրա համար գալիս է այս մեղադրանքը, որն իբր ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի և այս մեղադրանքով արտահանձնման գործընթաց է սկսվում։  Բայց քննիչի այս հարցը ուղղված է ոչ թե մեզ, այլ քննիչն ուղղում է  Մոսկվա։ Մոսկվային է  վերաբերում այս ամեն ինչը, որ հարց է  ուղղում, երբևիցե հարցաքննվե՞լ է, թե՞ չէ։  Դու չգիտե՞ս, որ երբևիցե չի հարցաքննվել։ Եթե քրեական գործում դու գիտես, որ 2015 թվականից մինչև հիմա չի եկել, 2018 թվականին հետախուզում եք հայտարարել, Լևոն Սարգսյանը ոնց պետք է հարցաքննվեր։ Այսինքն՝ ապահովենք այ էս բանը, ուղարկենք Մոսկվա, ասենք գիտեք ինչ, էլ ընդհանրապես Լևոն Սարգսյանը մարտի 1-ի հետ ոչ մի կապ չի ունեցել»,- ասաց Աշոտ Սարգսյանը։

 Փաստաբանը նաև նշեց, որ արտահանձնումից հետո Լևոն Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել առերես հարցաքննություն, իսկ դրանից հետո՝  հաջորդ օրը, իրենց հրավիրել են ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով հարցաքննելու և Սարգսյանին հարցաքննել են որպես կասկածյալ։ «Բնական է, այդ ցուցմունքը չենք տվել, բայց գործողությունն արդեն ինքնստինքյան ասում է, որ Լևոն Սարգսյանին Հայաստան հանձնելու միակ նպատակը եղել է Մարտի 1-ի գործով նրանից ցուցմունք կորզել՝ ինչ-որ պաշտոնատար անձանց վերաբերյալ»,-ասաց Աշոտ Սարգսյանը։
 
Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կաղմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:
 
Սուրեն Կորյունի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվություն տրամադրելու, այդ կերպ նաև խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը: