Քաղաքացիակենտրոն
լրատվություն

​Քրգործ է հարուցվել պատգամավորի հոր ավտոպահեստի մոտ տեղի ունեցած պայթյունի դեպքով. Նախաքննությունը ցույց կտա՝ հանցանքը դիտավորյա՞լ է եղել, թե՞ ոչ. Քննչական կոմիտե

​Քրգործ է հարուցվել պատգամավորի հոր ավտոպահեստի մոտ տեղի ունեցած պայթյունի դեպքով. Նախաքննությունը ցույց կտա՝ հանցանքը դիտավորյա՞լ է եղել, թե՞ ոչ. Քննչական կոմիտե
Իրավունք
15:46, 31 август 2022
Այսօր գիշերը դեռևս անհայտ հանգամանքներում Երևանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող N 1 ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի մոտ տեղի ունեցած ուժգին պայթյունի դեպքով ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասով (գույք վնասելու կամ ոչնչացնելու հանցավոր գործողություն)։ Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ հավելելով, որ առայժմ գործով մեղադրյալ կամ կասկածյալ չկա։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է խանութ-պահեստը պայթեցվել  է, ՔԿ խոսնակը պատասխանեց՝ նախաքննությունը ցույց կտա։  

Նշենք, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 05-ին, ԱԻՆ-ից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Կոմիտասի պողոտա-Փափազյան խաչմերուկում պայթյուն է տեղի ունեցել։ Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում Նաիրի Զարյան փողոցի 42/1 հասցեում գտնվող N 1 ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի մոտ ուժգին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կոտրվել են դռան ապակին և կախովի LED լույսերը։ 

Համացանցում լուրեր տարածվեցին, որ պայթյունը տեղի է ունեցել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը պատկանող ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետում։ Ավելի ուշ Զարեհ Սարգսյանը հայտարարություն տարածեց, որում հաստատեց, որ իր ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի մոտ իրոք ուժգին պայթյուն է տեղի ունեցել՝ հավելելով, որ ոչ ոք չի տուժել։
 
«Դեպքի վայր են ժամանել Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները՝ բաժնի պետի գլխավորությամբ, Երևան քաղաքի ոստիկանության վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալի ղեկավարությամբ, և Ոստիկանության քրեական փորձաքննությունների վարչության փորձագետները։ Նրանց անհետաձգելի և արհեստավարժ աշխատանքը վստահություն է ներշնչում, որ արագ կբացահայտվի հանցագործությունը՝ կանխելով որոշ լրատվականների տենդագին հետաքրքրության և երևակայության թռիչքները»,- գրել էր նա։

Թամարա Ղազարյան