Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դեռ շատ ձայնագրություններ են պարբերաբար ասպարեզ դուրս գալու»․ Ռուբեն Վարդազարյանի պաշտպան

«Դեռ շատ ձայնագրություններ են պարբերաբար ասպարեզ դուրս գալու»․ Ռուբեն Վարդազարյանի պաշտպան
Իրավունք
14:27, 11 май 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դռնփակ նիստում քննվում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի ներկայացրած բողոքը, որով վիճարկվում է իր նկատմամբ քրեական գործ հարուցելը։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վարդազարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ այս նիստին բովանդակային հարց չեն քննարկել, նիստը հետաձգվել է՝ լրացուցիչ նյութեր ներկայացնելու խնդրով։ 

Խուդոյանը նշեց, որ հաջորդ դատական նիստին, որը կայանալու է մայիսի 13-ին, ժամը 14․00-ին, քննարկելու են, որ անցնեն դռնբաց նիստի։
«Այս պահին երկու որոշում է բողոքարկվում՝ քրեական գործ հարուցելու որոշումը և մեղադրանք առաջադրելու մասին որոշումը։ Երկու տարբեր վարույթներ են․ պարոն Հարությունյանի վարույթում մեղադրանք առաջադրելու դեմ բերված բողոքն է, իսկ տիկին Մելիքսեթյանի վարույթում՝ մյուս բողոքը։ Երբ անցնենք դռնբաց նիստին՝ բողոքարկման հիմքերը մանրամասն կներկայացնենք»,-ասաց Հովհաննես Խուդոյանը։

Պատասխանելով նաև լրագրողների այն հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի Ռուբեն Վարդազարյանը, իր հետ կապված օրերս տարածված հայտնի ձայնագրության մասին՝ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ ձայնագրության հրապարակումից հետո Ռուբեն Վարդազարյանի հետ կապ չի ունեցել, դեռևս չի քննարկել՝ ինչ որոշում ունի։ Փաստաբանի խոսքով՝ հետագայում, եթե իրավապահները կգտնեն որ այդտեղ խնդիր կա կզբաղվեն, որոշումներ կհետևեն կամ չեն հետևի,  ըստ այդմ իրավական գնահատական կլինի։

«Կարծում եմ, որ դեռ շատ ձայնագրություններ են պարբերաբար ասպարեզ դուրս գալու, գիտեմ, որ մեր իրավապահ մարմիննեում վերջերս պրակտիկա է դառել՝ իրենց հետագա ապահովության համար տարբեր ապացույցներ հետ քցելը»,-ասաց Հովհաննես Խուդոյանը։