Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աղվան Հովսեփյանն այսօր չպետք է ազատության մեջ լիներ. Նա անպայմանորեն պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի

Աղվան Հովսեփյանն այսօր չպետք է ազատության մեջ լիներ. Նա անպայմանորեն պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի
Իրավունք
23:07, 12 июнь 2021
Թեև գլխավոր դատախազության դռները համբուրելով պաշտոնից հեռացած Աղվան Հովսեփյանի համար Սերժ Սարգսյանը հատուկ կառույց ստեղծեց, անունը դրեց քննչական կոմիտե ու նրան էլ նախագահ կարգեց, արտահերթ խորհրդարանական այս ընտրություններին Աղվան Գառնիկիչը որոշել է կանգնել ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի կողքին, որին ժամանակին, ինչպես ինքն է նախօրեին խոստովանել, քրգործեր էր զեկուցում:

Ապարանում օրերս «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ Աղվան Հովսեփյանը նախ գովերգեց Քոչարյանի «մարդ տեսակը», նախագահ աշխատած ժամանակ իր քաղաքացիների նկատմամբ «սրտացավույթունը», ապա հայտարարեց, որ այս ընտրությունները մի հերթական Բաշ- Ապարանի ճակատամարտ են, սակայն հիմա «հրացանի փոխարեն իրենց ձեռքում քվեաթերթիկն է»:

«Սա ընտրություն չէ, սա գոյապայքար է»,- դիմելով Ռոբերտ Քոչարյանին՝ ասաց Հոկտեմբերի 27-ից Մարտի 1 կոծկած Աղվան Հովսեփյանը:

2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո բազմաթիվ քաղբանտարկյալների շահերի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ հեղափոխությունից հետո հայտարարված թավիշի դժբախտությունը նրանում է, որ աղվանհովսեփյաններն այսօր կարողացել են գլուխ բարձրացնել և ակտիվություն ցուցաբերել առաջիկա ընտրություններին:

«2008 թվականի փետրվարյան օրերին ով Ազատության հրպարակում ելույթ էր ունեցել, նա բոլորի վրա քրօրի 300 հոդվածը դրեց, ու դատեցին: Էլ չեմ ասում, որ 2008 թվականի փետրվարի  24-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել նույն հոդվածով, և այդ նույն Աղվան Հովսեփյանը հաստատել էր քրեական գործի հարուցումը: Աղվան Հովսեփյանն այսօր չպետք է ազատության մեջ լիներ, որ մի բան էլ քարոզարշավի մասնակցեր»,-շեշտեց Արսենյանը՝ հավելելով, որ դեռ հեղափոխությունից անմիջապես հետո պետք է օրենքով սահմանված կարգով քրեական գործեր հարուցվեին  և ով մեղավոր էր՝ քրեական պտասխանատվության ենթարկվեր, որպեսզի այդպիսի անձիք, որոնք երրորդ հանրապետության օրոք ինչ ասես, որ չէին արել, ազատության մեջ չլինեին։  

«Իսկ որ Աղվան Հովսեփյանը նրանցից մեկին է, կարկառուն ներկայացուցիչն է, կասկածից վեր է: Նա իրավունք չուներ ազատության մեջ լիներ: Նա անպայմանորեն պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Եթե հասկացող մարդ է, միայն ամբաստանյալի կարգավիճակը բավարար կլինի, որ ինքը ամբողջ կյանքում իրեն դժբախտ զգա: Այն ժամանակ առանց Աղվան Հովսեփյանի գիտության, թույլտվության, հանձնարարության ոչինչ հնարավոր չէր: Մարտի 1-ի գործն էլ իր ջանքերով խճճվեց, տարվեց այլ հունով: Չմոռանանք, որ հենց այդ ժամանակ արդեն հատուկ քննչական ծառայությունը կար և ենթարկվում էր գլխավոր դատախազին՝ այսինքն Աղվան Հովսեփյանին»,-եզրափակեց Հովիկ Արսենյանը:

Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը մեզ հետ զրույցում ասաց, թե բացառապես իշխանության թուլության պատճառով է, որ այսօր Աղվան Հովսեփյանը, ով ժամանակին քաղաքական գործերով ամենահայտնի պատվեր կատարողն էր, այսօր ազատության մեջ է, որևէ քրեական գործով չի անցնում ու հիմա էլ Քոչարյանի համար քարոզարշավ է իրականացնում։  

«Այն, որ հանցագործներն այդքան երես են առել, մտել են քաղաքականություն, բացառապես իշխանության մեղավորություն է: Ցույց տվեք մեկ մարդ, որ հիմա մարտի 1-ի գործով նստած է: Իսկ մարտի 1-ից հետո  նույն աղվանհովսեփյանների թեթև ձեռքով հարյուրավոր մարդիկ հայտնվեցին անազատության մեջ, անհիմն դատապարտվեցին: Բա Աղվան Հովսեփյանը, եթե ազատության մեջ է, անպատիժ է, բա Քոչարյանի կողքը պետք է կանգներ, հո մեր կողքին չէր կանգնելու: Հեսա մյուսներն էլ կգան կմիանան, էն փախածները»,-եզրափակեց Ֆարմանյանը:  

Արփի Հարությունյան