Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխան Սաղաթելյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Իշխան Սաղաթելյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
Պաշտոնական
17:02, 23 март 2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին:

Ողջունելով հյուրերին` Իշխան Սաղաթելյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները: «Ֆրանսիան Եվրոպայում Հայաստանի ամենակարեւոր եւ բարեկամ երկրներից է: Մենք մշտապես տեսել ենք Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, եւ շահագրգռված ենք զարգացնելու երկկողմ հարաբերությունները»-, ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակն ու խնդիրները` նշելով , որ թե' Հայաստանը, թե' Արցախն այս պահին լրջագույն անվտանգության խնդիրներ ունեն: Հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը, ագրեսիան եւ Արցախի հայաթափմանն ուղղված քաղաքականությունը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը դեռեւս նախորդ տարի երկու ուղղությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ շարունակում են մնալ այնտեղ:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին եւ դրա շուրջ ընթացող գործընթացներին` Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ օրեր առաջ Արցախում ադրբեջանական կողմից պայթեցրել են գազատարը` շուրջ 100 հազար արցախցիներին կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ: Սրան գումարվում են նաեւ բնակիչներին ուղղված տարատեսակ սպառնալիքները` լքելու գյուղերը: «Մեծապես կարեւորում ենք միջազգային հանրության արձագանքն ու հստակ գնահատականը կատարվողին: Արցախի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- շեշտել է ԱԺ փոխնախագահը` հավելելով, որ այս ձեւաչափը պետք է կարողանալ պահպանել` հակառակ Ադրբեջանի ցանկության: «Մեր դիրքորոշումն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը:

Դեսպանը հետաքրքրվել է իշխանությունների հետ ընդդիմության հարաբերություններով, ընդդիմության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու չառաջադրելու, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցերով, հայ-թուրքական հարբերություններով եւ այլն: Իր հերթին դեսպան Անն Լույոն ընդգծել է հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները, կարեւորել խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումները: Դեսպանը հայտնել է, որ Ֆրանսիան ուշադրությամբ հետեւում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին` Անն Լույոն հավաստիացրել է, որ Ֆրանսիան իր դիրքորոշումները պահպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որպեսզի կարողանա օգնել երկու կողմերին` հաստատելու խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում: