Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակոբ Արշակյանը մասնակցել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառմանը

Հակոբ Արշակյանը մասնակցել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառմանը
Պաշտոնական
16:21, 23 декабрь 2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 23-ին Երեւանում ողջույնի խոսքով է հանդես եկել «Հայաստան-
Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառմանը:

Հակոբ Արշակյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ներկայացրել է ոլորտի վերջին զարգացումները, պետական
քաղաքականությունը գիտության, ռազմարդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

«Ինժեներական շաբաթը բարձր տեխնոլոգիական ոլորտի Հայաստանի ամենասպասված իրադարձություններից է: Հույս ունեմ, որ
կկարողանանք այն իսկապես վերածել տարածաշրջանային մասշտաբի կարեւորության միջոցառման:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն այս տարի, ինչպես նաեւ նախորդ տարի, աճի ռեկորդային ցուցանիշներ է
արձանագրել՝ ազդելով Հայաստանի տնտեսական միջավայրի վրա: Հայաստանն այլընտրանք չունի, քան ինժեներական ոլորտի ավելի
ու ավելի արագացված տեմպերով զարգացումը: Այս տարի Հայաստանն արձանագրել է շուրջ 13 տոկոս տնտեսական աճ՝
հանդիսանալով աշխարհում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երեք երկրներից մեկը, եւ այստեղ շատ մեծ է բարձր
տեխնոլոգիական ընկերությունների դերը:

2022 թ., ըստ կանխատեսումների, ոլորտի շրջանառությունը շուրջ 60 տոկոս աճ է արձանագրելու՝ հասնելով շուրջ 430 մլրդ
դրամի, իսկ համախառն ներքին արդյունքում բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառությունը կկազմի շուրջ 5 տոկոս:
Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ֆինանսավորմանը. այստեղ եւս ունենք տպավորիչ աճ: Գիտության
ֆինանսավորումը 80 եւ ավելի տոկոսով ավելացել է 2022 թ., իսկ 2023 թ. համար աճը շարունակվում է: Մենք ակնկալում ենք, որ
գիտության զարգացման առումով կունենանք տպավորիչ նվաճումներ»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Նա նշել է, որ պաշտպանական արդյունաբերության մասով նույնպես հիմնարար փոփոխություններ կան: Խոսքը, մասնավորապես,
վերաբերում է մշակումներից դեպի սերիական արտադրության անցնելու իրողությանը, ինչպես նաեւ 2022 թ. պաշտպանական
արդյունաբերության ընկերություններին իջեցված պետական պատվերների աննախադեպ ծավալներին:

Անդրադառնալով Հայաստանի՝ առկա գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարին եւ մարտահրավերներին՝ ԱԺ փոխնախագահն
ընդգծել է կրթություն-գիտություն-արդյունաբերություն ինստիտուցիոնալ կապն ապահովելու անհրաժեշտությունը, որը կնպաստի
տնտեսության թռիչքաձեւ զարգացմանը:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ այս միջոցառումը յուրահատուկ հարթակ է ոլորտի ներկայացուցիչների եւ ոլորտով
հետաքրքրվողների համար: Սա լավ հնարավորություն է՝ բացահայտելու միջազգային միտումները եւ փորձեր ձեռնարկելու՝ այդ
միտումները Հայաստանում տեղայնացնելու ուղղությամբ:

Դեկտեմբերի 24-ին «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառման իրադարձությունները կշարունակվեն
Ինժեներական քաղաքում, իսկ ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: