Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզում ներառված են 300-ից ավելի միջոցառումներին վերաբերող տարբեր ոլորտներ․ Գրիգորյան

Հայաստան-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզում ներառված են 300-ից ավելի միջոցառումներին վերաբերող տարբեր ոլորտներ․ Գրիգորյան
Քաղաքականություն
12:25, 09 июль 2021
Այսօր՝ հուլիսի 9-ին, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և եվրահանձնակատար Օլիվեր Վարհեինը հանդես եկան հայտարարություններով։

Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ եվրահանձնակատարի հետ երեկ աշխատանքային արդյունավետ առանձնազրույց են ունեցել, իսկ այսօր կառուցողական հանդիպում է եղել վարչապետի և հանձնակատարի միջև․ «Այցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև ծավալված ակտիվ համագործակցության գործընկերության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։ Անդրադարձել ենք 2020թ․ ընթացքում ի հայտ եկած ծանր մարտահրավերներին, մասնավորապես 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին»։ 

ՀՀ փոխվարչապետն ընդգծեց, որ Հայաստանը երախտապարտ է Եվրոպական միությանը՝ թե կորոնավիրուսի դեմ պայքարի, թե Արցախի դեմ սանձազերծված պատերազմից տուժած մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով տրամադրված հումանիտար աջակցության համար․ «Հանձնակատարի հետ քննարկել ենք Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի ծանրագույն հետևանքների և հետպատերազմյան իրավիճակի մեղմանն ուղղված մներ հետագա գործողությունները։ Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես առաջնահերթ գերակայություն կարևորել ենք Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց միջազգային մարդասիրական իրավունքի ուժով առանց նախապայմանների և անհապաղ վերադարձի հարցը»,- ասաց փոխվարչապետն ու հիշատակեց, որ գերիների վերադարձի դրույթը նաև ամրագրված է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ․

«Չնայած Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ մեր երկիրը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների ուղին։ Եվրոպական միությունը եղել և մնում է Հայաստանի գործընկերներից մեկը»։ 

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Մհեր Գրիգորյանը նշեց, որ արդեն իսկ կա համաձայնագրի կիրարկման հետ կապված ամբողջական ճանապարհային քարտեզ, որը բաղկացած է 300-ից ավելի միջոցառումներից․ «Ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումները վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին՝ այդ թվում կրթություն և գիտություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանվածություն, ենթակառուցվածքներ, տնտեսություն, շրջակա միջավայրի պաշտպանվածություն և այլ ոլորտներ»։