Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նրանցից ի՞նչ քաղբանտարկյալ, թող հիշեն, թե մեզ ինչպես էին նվաստացնելով ու ծեծելով բերման ենթարկում 2008-ին․ Հովհաննես Հարությունյան. Yerevanlur.am

Նրանցից ի՞նչ քաղբանտարկյալ, թող հիշեն, թե մեզ ինչպես էին նվաստացնելով ու ծեծելով  բերման ենթարկում 2008-ին․ Հովհաննես Հարությունյան. Yerevanlur.am
Քաղաքականություն
22:40, 26 июль 2021
Yerevanlur-ի զրուցակիցն է «Արաբկիր» երկրապահ ջոկատի հրամանատարնախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանը։


-Պարոն Հարությունյան, այս օրերին Հյուսիսային պողոտայում բողոքի ակցիա, ստորագրահավաք է անցկացվում Սյունիքի համայնքապետերի ազատ արձակման պահանջով։ Նրանց համակիրները համարում են, որ ձերբակալված համայնքապետերը քաղբանտարկյալ են։ Որպես նախկին քաղբանտարկյալ այդ մոտեցումը կիսու՞մ եք։

Նրանք հանցագործներ, ի՞նչ քաղբանտարկյալ։

-2008 թվականի հետ զուգահեռներ կանցկացնե՞ք։

Ոչ մի ընդհանուր բան չկա։ Ինչպե՞ս զուգահեռներ անցկացնեմ։ Այդ մարդիկ հանցագործություն, քրեորեն պատժելի արարք են կատարել։ Նրանց խափանման միջոցը կալանք է ընտրվել միայն այն բանի համար, որ իրենք հանցագործ են։ Մեր դեպքում այդպես չի եղել։ Մեզ կարո՞ղ էին գրավի դիմաց ազատ արձակել, իհարկե՝ ոչ։ Ցանկացած պահի մեզ կարող էին կանչել դատարան ու մենք կգնայինք, մենք խուսափող չէինք, ոչ էլ իրենց նման հանցագործ։ Բայց դա չէին անում։ Իսկ հիմա, Փառք Աստծո, գիտենք, որ շատ-շատերը գրավի դիմաց ազատ են արձակվում։ Նույն իրենց ընկերը, այսպես  կոչված պրոֆեսոր Չարչյանը գրավի դիմաց ազատվեց։ Ի՞նչ համեմատության մասին է խոսքը։

-Փորձագետները նշում են,թե ինչպես նախկին իշխանություններն էին ընդդիմությանը ճնշում, նույնն էլ այս իշխանություններն են անում։ Մենք սա ճնշում կարո՞ղ ենք համարել։

-Ի՞նչ ճնշման խնդիր կա։ Կոնկրետ իմ մասին խոսեմ։ Իմ ընտանիքի անդամներին կանչում էին ոստիկանություն, իմ երեխաներին ուզում էին բուհերից հեռացնել։ Մի ամբողջ զորաբանակ շրջապատել էր իմ տունը, երբ իմ տունն ընդամենը  խուզարկություն էին անում։ Մինչև հիմա մարդիկ զարմացած են։ Իսկ իրենց ի՞նչ է պատահել։ Այսքան ժամանակ որևէ մեկին նվաստացրած կա՞ն բերման ենթարկելու ժամանակ։ Մենք հիշում ենք, չէ՞ ինչպես էին բերման ենթարկելիս  նվաստացնում Սասուն Միքայելյանի նման պատերազմով անցած մարդուն։ Մենք այդ կադրերը հիշում ենք։ Իսկ սրանցից ու՞մ են նվաստացրել։ Մեզանից ու՞մ են  առանց ծեծելու ուղեկցել դեպի ոստիկանություն, իսկ նրանցից որևիցե մեկին որևէ անգամ մատով դիպչե՞լ են։ Սա բոլորովին նոր Հայաստան է։

-Ի՞նչ եք կարծում իշխանությունների գործողություններն ուշացած չե՞ն։

-Այսպես մեկնաբանեմ․ մենք ենք ասում, որ ուշացած է։ Եթե այսօրվա իշխանությունները եկել են թավիշով, ապա նորմալ է։ Բայց սրանով չի ավարտվելու ամեն ինչ, պետք է խելքի գան, հակառակ դեպքում ուտոպիա է։ Չեմ հավատում, որ կծող շունը վաղը չի կծելու, նրա ատամները պետք է հանես, որ վաղը քեզ վնաս չտա։ Ես ժամանակին շատ եմ ասել՝ ավարտե՛ք թավիշը, սրանք այդ լեզուն չեն հասկանա։

-Հիմա այդ  ուժերից երկուսը խորհրդարանում հայտնվեցին,  մինչդեռ շատերի կարծիքով՝ պետք է քաղաքական աղբանոցը նետված լինեին։ Ինչու՞ այդպես ստացվեց։

Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Թող լինեն խորհրդարանում։ Քաղաքակիրթ ժողովուրդներն իրար հետ բանավիճում են խորհրդարաններում։ Ընտրություններն ավարտվեցին, մարդիկ գնում են ու աշխատում են, որ մասնակցեն հաջորդ ընտրություններին։ Միայն նախկին սովետական լագերներում կարող են ասել՝ ոչ կեղծվել է, եկեք նոր ընտրություն անենք,  կամ նախագահը լավը չէ, եկեք նրան փոխենք։ Մենք քաղաքակիրթ ազգ ենք ու պետք է շարժվենք այդ տրամաբանությամբ։