Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ունենք տարաձայնություններ, բայց Հայաստանում թշնամիներ չունենք և չենք կարող ունենալ. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա շնորհակալություն հայտնեց 7-րդ գումարման իր բոլոր գործընկերներին: 

«Հատուկ ուզում եմ նշել իմ ընկեր, գործընկեր, 7-րդ գումարման ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին և իմ բոլոր թիմակիցներին, որոնց հետ անցանք անմարդկային դժվար ճանապարհ»,- այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկած ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում հայտարարեց ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը և հավելեց. «Հպարտանում եմ ձեզանից յուրաքանչյուրով, շնորհակալ եմ, որ պինդ մնացիք, հավատարիմ մնացիք ձեր սկզբունքներին, թիմին և մեր երկրին»:

Նա բոլորի անունից առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ հպարտ և իմաստուն ժողովրդին, որը ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորեց խորհրդարանը:

«Մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ ներքաղաքական հարաբերություններում ունենք բազմաթիվ տարաձայնություններ, բայց պետք է աներկբա վերահաստատենք, որ ՀՀ-ում մենք թշնամիներ չունենք և չենք կարող ունենալ»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը և կոչ արեց բացառել ատելությունը և վերափոխվել հանուն հայ մարդու: