Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առանց հանձնաժողովի էլ պետությունը մաքսիմալն է անում և կանի արցախահայության համար. Գևորգ Պապոյանը թվեր ներկայացրեց. Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը: Ինչպես արդեն հայտնել ենք, «Պատիվ ունեմ» դաշինքը առաջարկել է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: 

«Տպավորություն է ստեղծվում, թե նոյեմբերի 9-ից հետո Արցախի համար կարծես ոչինչ չի արվել, և այս հանձնաժողովի ստեղծումից հետո միանգամից բոլոր խնդիրները կլուծվեն»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ Արցախում հենց հիմա կառուցվում է 4000 բնակարան և ևս 2000-ը կկառուցվի ըստ անհրաժեշտության. «Հենց այս պահին Արցախում 110 մլրդ դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագիր է իրականացվում: Ծրագիրը ֆորմալ առումով իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, բայց հիմնադրամը միայն 58 մլրդ-ն է տալիս, մնացածը փոխանցել է ՀՀ կառավարությունը Հայաստանի բյուջեից»: 

Պապոյանն ընդգծեց, որ տարատեսակ սոցիալական ծրագրերի միջոցով պետբյուջեից 61.4 մլրդ դրամի աջակցություն է եղել հասցեական մարդկանց. «Այսինքն՝ ընդհանուր 13.4 մլրդ դրամը ամբողջովին ՀՀ պետբյուջեի հաշվին է արված»: 

«Առանց հանձնաժողովի էլ կառավարությունը, պետությունը մաքսիմալ ամեն ինչ անում է և կանի արցախահայության խնդիրները լուծելու համար»,- ամփոփեց նա: