Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք լքու՞մ եք մարտի դաշտը, պարոն Ղազինյան, խրամատը․․․»․ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում 4-րդ անգամ առաջադրված Արթուր Ղազինյանը լքեց նիստը

«Դուք լքու՞մ եք մարտի դաշտը, պարոն Ղազինյան, խրամատը․․․»․ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում 4-րդ անգամ առաջադրված Արթուր Ղազինյանը լքեց նիստը
Քաղաքականություն
15:07, 22 сентябрь 2021
Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ընթանում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։

Օրակարգում նորից հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն է։ Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքը 4-րդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Ղազինյանը լքեց նիստի դահլիճը՝ իր խոսքում նշելով․ «Արդեն 4-րդ անգամ է այս օրակարգը բերվում հանձնաժողով և դա իշխանության պատասխանատվության ու պարտավորության տիրույթում է գտնվում։ Իշխանությունը չի կարող ընդդիմությանը պարտադրել՝ փոխել իր որոշումը, դա առնվազն կոռեկտ չէ։ Ձեր որոշումը կայացրեք, հարցերը հնչել են, պատասխանները տրվել են, ելույթները բոլոր հնչել են, թեկնածուն արդեն ներկայացվել է երեք անգամ, հետևաբար որևէ նոր բան, գոնե ես, ասելու չունեմ։ Ձեզ է պատկանում պատասխանատվությունը, դուք ձեր որոշումը կայացրեք և հրապարակեք։ Շնորհակալություն, ես դուրս եմ գալիս»։

Անդրանիկ Քոչարյանը հարցրեց, թե ինչու՞ է նա դուրս գալիս, միգուցե իրեն հարցեր ունեն։ «Մենակ հո Պետրոս Ղազարյանին չպիտի պատասխանեք, նաև հանձնաժողովի անդամներին պիտի պատասխանեք։ Դուք լքու՞մ եք մարտի դաշտը, պարոն Ղազինյան, խրամատը․․․ Ես ասեմ՝ պարոն Ղազինյանը մի հայտարարություն արեց․ սա շանտաժի գործիք չի ընդդիմության ձեռքին, ինքը հիմա շանտաժի մեջ մեղադրում է իշխանությանը, բայց սա կոնսենսուսի գործիք պետք է լիներ ըստ Դոնթի բանաձևի։ Անընդհատ նույն թեկնածուի հետ, որի հետ չպարզաբանված հարցեր են ծնվում, թեկնածուն դուռը շրխկացնելով դուրս է գալիս որպես ի՞նչ։ Կամ բերեք նոր թեկնածու, կամ մենք հավերժ այս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անենք 5 տարի։ Եթե ընդդիմությունը չի կարողանում իր մեջ գտնի ևս մեկ թեկնածուի, ստացվումա դուք պարոն Ղազինյանի գերի՞ն եք ինչ է, ձեզ ազատագրե՞նք, ինչ անենք։ Ազատագրման պրոցես ենք սկսում»,-ասաց հանձնաժողովի նախագահը։

Դահլիճից դուրս եկան նաև ընդդիմության ներկայացուցիչներ Տիգրան Աբրահմյանը, Գեղամ Նազարյանը։