Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազքի մրցաշարի համար ԿԳՄՍՆ-ին կհատկացվի 35 մլն դրամ. Սա Վարչապետի գավաթի 2-րդ մրցաշարն է՝ հեծանվավազքից հետո. Դումանյան

Վազքի մրցաշարի համար ԿԳՄՍՆ-ին կհատկացվի 35 մլն դրամ. Սա Վարչապետի գավաթի 2-րդ մրցաշարն է՝ հեծանվավազքից հետո. Դումանյան
Քաղաքականություն
12:26, 07 октябрь 2021
«Նախագիծը ենթադրում է ԿԳՄՍ նախարարությանը պահուստային ֆոնդից տրամադրել 35 մլն դրամ: Նպատակը բարի է, նպատակը լավն է. նպատակը կրոսվազքի կազմակերպումն է, որը միտված է սպորտի մասսայականացմանը և բնակչության առողջության ամրապնդմանը»,- այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարը նշեց, որ մրցույթը կազմակերպվում է հոկտեմբերի 30-ին, Փարաքար-Էջմիածին հատվածում. «Լինելու է 10 կմ երկարությամբ կրոսվազք: 35 մլն-ից 15 մլն-ը կազմում է մրցանակային ֆոնդը, մնացածը կազմակերպչական նպատակների համար է»:

ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց, թե մրցաշարը որ տարիքային խմբերի համար է նախատեսված. «Առաջին տարիքային խումբ. 15-17 տարեկանների համար՝ 3 կմ երկարությամբ, աղջիկներ և տղաներ: Երկրորդ տարիքային խումբ. 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ՝ 10 կմ երկարությամբ: Երրորդ տարիքային խումբ. 36 տարեկանից բարձր կանայք և 41 տարեկանից բարձր տղամարդիկ՝ 10 կմ երկարությամբ»: 

Նրա խոսքով՝ առաջին տարիքային խմբի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրածները կպարգևատրվեն նոթբուքերով, 2-րդ և 3-րդ տարիքային խմբերում 1-ին տեղը գրավողը կստանա 1 մլն դրամ, 2-րդ տեղի համար՝ 600 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 400 հազար դրամ և այլն:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ սա Վարչապետի գավաթի 2-րդ մրցաշարն է՝ հեծանվավազքից հետո: