Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ է սպասվում Գորիսում հաղթած «Առուշ Առուշանյան» դաշինքին

Ինչ է սպասվում Գորիսում հաղթած «Առուշ Առուշանյան» դաշինքին
Քաղաքականություն
14:18, 19 октябрь 2021
Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում Գորիս համայնքի ընտրողների մեծ մասն իր ձայնը տվել է համայնքի գործող ղեկավարի՝ «Առուշ Առուշանյան» դաշինքին, չնայած այն հանգամանքին, որ Առուշ Առուշանյանի դեմ մի շարք քրեական գործեր են հարուցված, գործերից երկուսը դատարանում են, իսկ Առուշ Առուշանյանը կալանքի տակ է։ 

Այս պարագայում ինչպե՞ս է Առուշ Առուշանյանն իրականացնելու իր գործառույթները հարցին՝ Civic.am-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, որ ԿԸՀ-ն միայն մանդատներն է տրամադրում, իսկ Գորիսի քաղաքապետ Առուշանյանի պաշտոնավարման հարցը պետք է որոշի կա՛մ Սյունիքի մարզպետարանը, կա՛մ ՏԿԵ նախարարությունը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվականից էլ փոխանցեցին, որ այս պահին հարցը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների տիրույթում․ «Քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը որոշում չի կայացրել կասեցնել Առուշ Առուշանյանի լիազորությունները, ապա կառավարությունը իրավասություն չունի նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակել»։

ՀՔԾ-ից տեղեկացանք, որ գործն արդեն դատարանում է և դատարանը պետք է որոշի՝ կասեցնե՞լ կալանքի տակ գտնվող քաղաքապետ Առուշանյանի լիազորությունները, թե՞ ոչ։ 

«Ազատ դիտորդ» ՀԿ համակարգող Վարդինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրություններից հետո նույն իրավիճակն է, ինչ-որ կար ընտրություններից առաջ՝ այսինքն Առուշ Առուշանյանի տեղակալը կարող է նրա լիազորություններն իրականացնել մինչև Առուշանյանի վերաբերյալ դատարանը որոշում կայացնի․ «Կալանքի հիմքով չի դադարեցվի Առուշ Առուշանյանի լիազորությունը։ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 75-րդ հոդվածով սահմանված են համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու հիմքերը, այդ թվում վաղաժամկետ դադարեցնելու, որտեղ նշված չէ կալանքի հիմքով լիազորությունների դադարեցումը։ Լիազորությունների դադարեցումը միայն այն դեպքում է, երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա, որով անձը մեղավոր է ճանաչվել։ Բայց այս դեպքում էլ, փաստացի հաշվի առնելով, որ «Առուշ Առուշանյան» դաշինքն ունի մանդատների 60 տոկոսը՝ նրանք իրենց ավագանու անդամներից կընտրեն համայնքի այլ ղեկավար»։

Վարդինե Գրիգորյանի խոսքով՝ Առուշ Առուշանյանի կալանքի տակ լինելը չի խոչընդոտում նրան որպես համայնքի ղեկավար ընտրելուն և այս պարագայում Առուշանյանին կարող է փոխարինել տեղակալը, քանի որ անմեղության կանխավարկած գոյություն ունի․ «Կարող է Առուշ Առուշանյանն արդարացվի կամ նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվի»։ 

Նշենք, որ հարուցված քրեական գործերով ներկայացված մեղադրանքներով Առուշ Առուշանյանին կարող է սպառնալ ավելի քան 7 տարվա ազատազրկում։ Առուշանյանի 2 տեղակալները ևս մեղադրյալ են և նրանց նույնպես ազատազրկում է սպառնում։ 

Դատապարտվելու դեպքում թե Առուշանանը, թե նրա տեղակալները չեն կարողանա ղեկավարել համանքը։ 

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ «Անկախ դիտրոդ» ՀԿ-ի եզրակացության մեջ ընդգծել են, որ Գորիս և Տեղ համայնքներում խախտումների ծավալը բավականին շատ է եղել, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։