Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ում ռևանշիստական ուժերը իրենց մտքերը համեմում են ստով. Ձեր լեզուն մտքից առաջ է ընկնում. Արթուր Հովհաննիսյան

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնի համար առաջարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը:

«Պարոն Ավետիսյանը կարծես կարևոր հարցեր էր բարձրացնում, բայց ես չհասկացա, թե ինչու գոռալով»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը և հավելեց, որ ցանկանում է խոսել խոսքի արժեքի մասին:

«Անընդհատ նույն ցիկլի մեջ ենք հայտնվում. ընդդիմադիր ուժերը, իսկ իմ խորին համոզմամբ՝ ռևանշիստական ուժերը թվում է, թե բովանդակային ելույթ են ունենում...»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը, ինչին Սեյրան Օհանյանը տեղից ռեպլիկ բաց թողեց՝ կապված ռևանշիստական ուժեր արտահայտության հետ:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ընդդիմությանը հորդորեց տեղից այլևս չարձագանքել:

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ խորհրդարանում ռևանշիստական ուժերը իրենց մտքերը համեմում են իրականության հետ կապ չունեցող հայտարարություններով. «Բոլորը ձեզ տեսնում են, ձեզ լսում են և միանգամից իրենց գնահատականն են տալիս, որն իր հետևանքն է ունենում ռեալ կյանքում: Ինչ իմաստ ունի ստով համեմել ձեր հարցը, սակայն դրանից դուք չեք շահում, այլ ավելի շատ մենք ենք շահում»:

Նա անդրադարձավ նաև Աղվան Վարդանյանի երեկվա ելույթին և ասաց. «Եկեք չքննարկենք, թե ով ինչ պետք է ուտի և հետո ինչ անի՝ մանավանդ պարոն Վարդանյանի հետ կապված: Իսկ պարոն Գեղամ Մանուկյանի լեզուն մտքից առաջ է ընկնում»:

Ինչ վերաբերում է թեկնածուին, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Ես միշտ ասել եմ, որ Արտակ Մանուկյանը քայլող ինստիտուտ է»: