Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՅԴ-ն ՏԻՄ ընտրություններում ստացել է 3,5 տոկոս ձայն, որը նշանակում է լինել մերժված․ Վիգեն Խաչատրյան

ՀՅԴ-ն ՏԻՄ ընտրություններում ստացել է 3,5 տոկոս ձայն, որը նշանակում է լինել մերժված․ Վիգեն Խաչատրյան
Քաղաքականություն
17:35, 07 декабрь 2021
«Այս պահին ռևանշիստներից և ոչ մեկը ԱԺ դահլիճում չէ և դա շատ բնական է։ Այս մարդիկ պատերազմից հետո ամեն ինչ արեցին, որ ալեկոծեն մեր պետությունը և զավթեն իշխանությունը՝ չստացվեց»,-այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ու հավելեց․ «Պահանջեցին արտահերթ ընտրություններ, կազմակերպեցինք ընտրությունները, մնացին մերժված՝ ժողովուրդն իրենց չվստահեց իշխանություն։ Ի՞նչ արդարացում բերեց նրանց առաջնորդը՝ ասելով, որ ժամանակը քիչ է, մենք չկարողացանք գնալ մարզեր, գյուղեր, բացատրել մարդկանց, որ մեզ անհրաժեշտ է վերադարձնել իշխանության։ Այդ առիթն էլ ստեղծվեց 35 համայնքներում անցկացրեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ ռևանշիստական 2 ճամբարը հրաժարվեց մասնակցել ընտրություններին»։ 

Պատգամավորն ընդգծեց, որ ՀՅԴ-ն ընտրությունների արդյունքով պնդում է, որ ինքը ընդդիմադիր դաշտի ամենահզոր քաղաքական ուժն է․ «Համաձայն եմ, ռևանշիստների մեջ ամենահզորը իրենք են։ Ես կարծում էի 1 տոկոս ձայն կստանան, բայց ստացել են 3,5 տոկոս, շնորհավորելու բան է։ 3,5 տոկոս ձայն ստացած քաղաքական ուժը կուրծք է ծեծում, որ ինքը երկրորդ ուժն է խորհրդարանում, իսկ 3,5 տոկոսը միջինացված նշանակում է մերժված»։

Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ մեր երկրում բազմաթիվ մարտահրավերներ կան, բայց այդ մարտահրավերների լուծումները իրենք կոչված են փնտրել միայնակ՝ առանց խորհրդարանային ընդդիմության աջակցության, որն անհրաժեշտ էր․ «Բայց բարեբախտաբար Հայաստանի քաղաքական դաշտը չի սահմանափակվում ռևանշիստներով։ Մեր երկրում կան բազմաթիվ քաղաքական, հասարարական կառույցներ, որոնք գիտակցում են պահի բարդությունը, որոնք պատրաստ են մեզ քննադատելով, մեզ առաջարկություններ բերելով՝ համագործակցել։

Ռևանշիստների 4-րդ փորձը՝ մարդկանց ցանցային պայքարով փողոց հանել, որով հիմա իրենք զբաղված են մարզ առ մարզ, նոր քաղաքական գիքորներ են հայտնվել՝ էստի համեցեք օր ու գիշեր մարդկանց փողոց են հրավիրում։ Բայց պետք չի փողոց դուրս գալ, անիմաստ է»։