Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արտահերթին կասկածողները» գիտեն, որ ընտրությամբ չեն կարող իշխանություն վերցնել․ չի բացառվում՝ դիմեն սադրանքների

«Արտահերթին կասկածողները» գիտեն, որ ընտրությամբ չեն կարող իշխանություն վերցնել․ չի բացառվում՝ դիմեն սադրանքների
Քաղաքականություն
17:20, 19 март 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների հրապարակման օրը հայտնի դառնալուց հետո ընդդիմադիր ճամբարից սկսել են կասկածներ հայտնել, թե ընտրություններ ամեն դեպքում չեն կայանա։

Հայրենիքի փրկության շարժման ղեկավար Վազգեն Մանուկյանը, օրինակ,  երեկ հայտարարել է, որ խիստ կասկածում է, որ հունիսի 20-ին հնարավոր է արտահերթ ընտրություններ անցկացվեն, իսկ եթե ամեն դեպքում հնարավոր չլինի կանխել այդ ընտրությունները, ինքը դրանց չի մասնակցելու։ 

Արտահերթ ընտրությունների անցկացման վերաբեյալ լուրջ կասկածներ է հայտնում նաև ՀՀԿ-ն։ Երեկվանից մի շարք ՀՀԿ-ականներ տարբեր հարցազրույցներում հայտարարում են, որ ընտրություններ չեն լինելու։
Վերլուծաբան Արեգ Քոչինյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև ընդդմադիր որոշ ուժեր ունեն ընտրություններին չմասնակցելու որոշում, սակայն նրանք ամեն ինչ կարող են անել խոչընդոտելու ընտրությունների անցկացմանը.«Դա ես հնարավոր զարգացում եմ համարում։ Երկու տարբերակ կա իրականում՝ փորձել  խոչընդոտել ընտրությունների կազմակերպմանը և փորձել խոչընդոտել արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը։ Իրենք  ուզում են իշխանություն, բայց այդ իշխանության հասնելը որեւէ կերպ չեն կապում  ընտրությունների և ժողովրդի հետ։

Հիմա սա երբ որ մենք ֆիքսում ենք, ապա ամբողջությամբ հասկանալի է  դառնում իրենց վերաբերմունքը ընտրութունների հանդեպ։ Իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք ընտրությունների պարագայում ոչ մի շանս չունեն ոչ միայն իշխանություն վերցնելու, այլև խորհրդարան անցնելու։ Դրա համար էլ հիմա բարձրագոչ հայտարարություններ են անում, թե դեմ են ընտրություններին։ Իրենք իշխանությունը գրավելու համար  տեսնում ենք միայն շենքներ գրավելու, բանակը կանգնեցնելու, ինչ որ մարդկանց փչացնելու ճանապարհը, ինչպես հայտարարում էր Վազգեն Մանուկյանը»,- ասաց Քոչինյանը։

Մեր զրուցակցի խոսքով արտահերթ ընտրությունների գնալու հարմար հարկավոր էր երկիրը նախապատաստել դրան։ Իսկ երկիրը նախապատրաստել՝ նշանակում է առաջին հերթին լուծել դատարանների հարցը, լուծել Հայաստանում առևանգված արդարադատության հարցը։ Իսկ այդ հարցերը չեն լուծվել և լուրջ կասկածներ կան, որ մինչև ընտրությունները դրանք կլուծվեն։ Հաջորդը ընտրական օրենսգիքն է, կուսակցությունների մասին օրենքը, ոստիկանության  մասին օրենքն է, ԿԸՀ, ԲԴԽ կազմն է այլ խնդիրներ։ «Մի շարք խնդիրներ կան, որոնք պարտադիր էր լուծել մինչև ընտրություններ։ Իսկ քանի դեռ այս հարցերը լուծված չեն, ապա ընտրության օրը շատ հավանական է, որ մի խումբ մարդիկ կարող են մտնել  ընտրատեղամասեր, լցոնումներ կազմակերպեն, ծեծուջարդ  կազմակերպեն ու դատարանը  մի օրում՝ արտահերթ ռեժիմով, որոշում կայացնի, որ ոչ մի նման բան չի եղել։ Ու դա կարող է համատարած լինել ու ես նման զարգացումները լրիվ  հնարավոր եմ համարում։

Ներկա դատարանների պարագայում, երբ մենք ունենք առևանգված արդարադատություն, կարող ենք և ունենալ առևանգված ընտրություններ։ Այդ իսկ պատճառով ես գտնում եմ, որ իրենք վտանգավոր են, իրենք ունեն հնարավորություններ և թույլ չտալու  ընտրությունների կազմակերպումը, և դրանց կազմակերպման պարագայում փորձելու առևանգել ընտրությունների արդյունքները»,-ընդգծեց վերլուծաբանը ՝ չհամաձայնելով, որ այդ վտանգները չեզոքացնելու, փոփոխութոյւններ կատարելու համար  ժամանակ չկա։ «Իշխանությունը դեռ ժամանակ ունի չեզոքացնելու ընդդիմադիր ճամբարից սպասվող վտանգները։ Դրա համար պարզապես քաղաքական կամք է պետք»,-եզրափակեց վերլուծաբանը։

 Civic.am-ը փորձեց հենց ՀՀԿ-ականներից պարզել՝ ընտրութունների անցկացման վերաբերյալ իրենց կասկածները նշանակո՞ւմ են, որ իրեք պատրաստվում են խոչընդոտել դրանց անցկացմանը: Կարինե Աճեմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կասկածները  վարչապետ աթոռը բռնազավթած անձի ոճից է գալիս.«Ինքը այսօր կարող է մի բան ասել, վաղը՝ մեկ այլ բան։ Նա անգամ իրավունք չուներ ընտրությունների օր նշանակել։ Սահմանադրությամբ դա վերապահված է ՀՀ նախագահին։ Իսկ եթե ամեն դեպքում ընտրություններ լինեն, բոլոր ուժերն էլ իրենց կարծիքը կհայտնեն։ Իսկ ՀՀԿ-ն ընտրությունները խոչընդոտելու իմաստ չի տեսնում, քանի որ մեր երկրում ամեն ինչ այնքան հակասական է, որ ոչ ոք չի կարող ասել, թե 3 ամիս անց ինչ կարող է լինել։ Դեռ հարց է՝ այդ ընտրությունները կլինեն, թե ոչ»,-ասաց Աճեմյանը։

Իրավաբան Արտաշես Խալաթյանը ընդիմադիր ուժերի կողմից ընտրութունների անցկացման փաստի շուրջ կասկածները որակում է որպես «նահանջի երաժշտություն» և կարծում է, որ ընդդիմադիր ուժերը ողջախոհություն կցուցաբերեն և չեն հատի Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարմիր գծերը. «Այդ ուժերը ի սկզբանե այնպիսի բարձր նշաձող էին դրել պայքարում, որ այն գրեթե անիրականանալի էր։ Այսօր, նրանք կանգնելով փաստի առաջ, փորձում են փրկել իրենց դեմքը։

Մեր քաղաքական պրակտիկայում բավական դեպքեր են եղել, երբ քաղաքական բոյկոտը հանդիսացել է քաղաքական վարքագծի դրսևորում։ Ինչ վերաբերում է ընտրութուննների ժամանակ խոչընդոտներ հարուցելուն, ապա գոնե ՀՀկ-ի մասով ես դա քիչ հավանական եմ համարում։ Հատկապես Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունից հետո պարզա է դառնում, որ ՀՀԿ-ն մնում է արմատական ընդդիմադիր դիրքերում քաղաքական պայքարի տրամաբանության մեջ։ Մնացած ուժերի մասով կարծում են, որ նրանք այնքան ողջամտություն կունենան, որ կարմիր գծերը չհատեն»,-  ընդգծեց Խալաթյանը։

Արփի Հարությունյան