Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ տիկինը որտե՞ղ է թուրքի հոտը քաշել, որ ասում է այստեղից թուրքի հոտ է գալիս․ Լիլիթ Ստեփանյան

Այդ տիկինը որտե՞ղ է թուրքի հոտը քաշել, որ ասում է այստեղից թուրքի հոտ է գալիս․ Լիլիթ Ստեփանյան
Քաղաքականություն
18:30, 07 декабрь 2021
«Հաշվի առնելով Հայաստանում ու նրա շուրջը կատարվող իրադարձությունները, արտաքին ու միջազգային հարթակներում մեր պետական շահն առաջ տանելու ու պաշտպանելու հնարավորությունն ու անհրաժեշտությունը՝ այսօր կցանկանամ անդրադառնալ քաղաքական դաշտում շարունակ հնչող որոշ արտահայտությունների, որոնք, ըստ իս, ոչ մի կերպ չեն արդարացվում ոչ մի քաղաքական ուժի ամբիցիաների և շահերի տեսանկյունից»,- այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

Նա հիշեցրեց ընդդիմության այն արտահայտությանը, թե Հայաստանն է հրահրել պատերազմ. «Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի մանր ու մեծ չինովնիկներն իրենց քաղաքական դեռահասի վարքագծով օժտված ղեկավարի հետ մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել պատերազմ Արցախի Հանրապետության դեմ»:

Պատգամավորը նշեց նաև, որ Թուրքիան ևս խոստովանել է ոչ միայն իր աջակցությունն Ադրբեջանին ու ներգրավվածությունը պատերազմին, այլև, որ ահաբեկիչներ է ուղարկել. «Այս ամենը ամուր նախադրյալներ և իրավական միջավայր են ստեղծում մեզ համար ՀՀ շահը և միջազգային հարթակներում մեր դիրքերն ամրապնդելու համար: Այնինչ ընդդիմության արտահայտությունները, որն առաջնորդվում է նեղ կուսակցական շահով, մեղմ ասած վնասում են մեր աշխատանքների արդյունավետությանը»: 

Անդրադառնալով ընդդիմության այն մեղադրանքներին, թե Բաքվի բռնապետին համարժեք պատասխան չի տրվում, Լիլիթ Ստեփանյանը հարց բարձրացրեց. «Իսկ վստա՞հ ենք, որ դրանով ռազմագերիների համար չենք ստեղծի ավելի ցավալի պայմաններ: Կա քարերը հավաքելու և քարերը նետելու ժամանակը»:

Պատգամավորը անդրադարձավ նաև ԱԺ-ում հանրային լսումների ժամանակ մասնակիցներից մեկի այն արտահայտությանը, թե իրեն խորհուրդ չեն տվել նստել ԱԺ դահլիճի այս կամ այն տեղում, որովհետև այդտեղից թուրքի հոտ է գալիս. «Ես կարող էի այդ տիկնոջը հարց ուղղել, թե որտեղ և ինչ պայմաններում է նա կարողացել այդ ազգության հոտը քաշել, սակայն սույն տիկինը բազմազավակ մայր է և դաստիարակում է իր երեխաներին: Ուզում եմ հիշեցնել սույն տիկնոջը, որ հայերենում մի բառ կա՝ չափ. ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»: