Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակահայկական քարոզչությամբ զբաղվող նախկին դեսպանը՝ Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ․ hetq.am

Հակահայկական քարոզչությամբ զբաղվող նախկին դեսպանը՝ Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ․ hetq.am
Քաղաքականություն
10:47, 16 декабрь 2021
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ 

Քըլըչը կադրային դիվանագետ է։ Ծնվել է Սամսունում։ 1980 թվականին ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։ Դիվանագիտական ծառայության մեջ է 1984 թվականից։ 


Նա 2008-2010 թվականներին եղել է Լիբանանում Թուրքիայի դեսպանը, 2012-2014 թվականներին՝ Ճապոնիայում Թուրքիայի դեսպանը, իսկ 2014-2021 թվականներին՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը։ Բացի այդ, 2012-2014 թվականներին Քըլըչը զբաղեցրել է նաև Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

2018 թվականի մարտի վերջին, երբ Թրամփի որոշմամբ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխվել էր Երուսաղեմ, Թուրքիայի ԱԳՆ-ն խորհրդակցությունների նպատակով Անկարա էր հետ կանչել ԱՄՆ-ում իր դեսպան Սերդար Քըլըչին։

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Քըլըչը մշտապես պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, գործել հայանպաստ նախաձեռնությունների տապալման ուղղությամբ։ Այսպես, Քըլըչը պարբերաբար քննադատել է ամերիկյան իշխանություններին, որոնք ամեն տարի ապրիլի 24-ին ուղերձ էին հղում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ։ Օրինակ, 2020 թվականի ապրիլի 24-ին Քըլըչը հայտարարել էր, որ նախագահ Թրամփի ուղերձն անհիմն ու ոչ օբյեկտիվ է՝ պնդելով, թե իբր Առաջին համաշխարհային պատերազմի օրերին «հայերը սպանել են 500 հազար մուսուլմանների»։

Նա ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածում նաեւ «Խոջալուի դեպքերի» վերաբերյալ։

ԱՄՆ-ում իր դիվանագիտական առաքելության տարիներին Քըլըչի թիրախում անընդհատ եղել է կոնգրեսական Ադամ Շիֆը, որը հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ։ Երբ Շիֆը հերթական անգամ քննադատում էր Էրդողանին կամ թուրքական կառավարության ներկայացուցիչներից մեկին, Սերդար Քըլըչն անմիջապես նրան մեղադրում էր հայկական շահերը պաշտպանելու և փաստերը խեղաթյուրելու մեջ։ 

Քըլըչը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղվել է հակահայկական ակտիվ և կեղծ քարոզչությամբ։ Այսպես, Twitter-ում նա տարածել է այն ժամանակ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի գրառումները, շնորհավորել Շուշիի գրավման ու պատերազմում Ադրբեջանի հաղթանակի կապակցությամբ։

Ավելին, իր հերթական հայտարարություններից մեկում Քըլըչը պնդել է, թե իբր պատերազմի օրերին Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները Արցախում կռվել են հայկական կողմից՝ ժխտելով այն հանգամանքը, որ սիրիացի վարձկաններն ու ահաբեկիչները Ադրբեջանի կողմից ներգրավվել են պատերազմին։ «Կան հստակ ապացույցներ, որ Իրաքի հյուսիսից Հայաստան են տեղափոխվել PKK-ի ահաբեկիչներ»,- հայտարարել էր Քըլըչը։

Աղբյուր՝ hetq.am