Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ պատմության ընթացքում ինչքան իրավական հիմք կա, ամբողջը դուրս է բերվում. քննարկում ենք դեմարկացիայի և դելիմիտացիայի տարբեր սցենարներ. վարչապետ

«Ինչպես գիտեք, այժմ խոսվում է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, և այժմ քննարկումներ են ընթանում, թե որ թվի քարտեզներով պետք է դա տեղի ունենա: Գոյություն ունեն ամենատարբեր քարտեզներ, որոնք մենք հիմա մանրամասն ուսումնասիրում ենք և տեսնում ենք, որ կան քարտեզներ, որոնցով մեր ճանապարհները դուրս են գալիս ՀՀ տարածքից»,- այսօր՝ դեկտեմբերի 24-ին, առցանց ձևաչափով մամուլի ասուլիսին, պատասխանելով Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի կառուցման լուրերին առնչվող լրագրողի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ հիմա քննարկվում են սցենարներ, որ խնդիր ունենալու դեպքում հաղթահարվեն դրանք:  

 Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 75 թվականի քարտեզներով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, Պառավաքար գյուղի հողերի մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է. «Այսինքն՝ մենք նայում ենք տարբեր սցենարներ, որ եթե սահմանը այսպես դեմարկացիա լինի, ինչ խնդիր կունենանք, այլ սցենարով՝ ինչ խնդիր: Մենք պետք է իրավիճակի նրբությունների մեջ խորանանք: Ես հիմա կարող եմ էկրանի առաջ ասել՝ ոչ մի դեպքում, ոչ մի թիզ, բայց չեմ ուզում՝ մենք ականջներս ու աչքերս փակենք ու ասենք, թե ոչ մի բան չենք նկատում»:

Վարչապետն ընդգծեց, որ ինչքան իրավական հիմք գոյություն ունի Հայաստանի պատմության ընթացքում, ամբողջը դուրս է բերվում, այն ամենը, ինչ կա Հայաստանի արխիվներում. «Դա մեզ բանակցությունների համար էլ է պետք, մենք պետք է հասկանանք դաշտը: Բայց դա էնպես չի, ինչպես ասվում է՝ սարերով. ոչ մի սարերովի մասին խոսք չկա: Եթե նույնիսկ այնտեղ խնդիր է ծագում, խոսքը մի քանի կմ-ի, երբեմն նույնիսկ 500, 300 մետրի մասին է»: