Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաղրամյան պողոտան փակ պահելը ազդել է ՀՓՇ-ի վարկանիշի վրա․ անգամ շարժման շարքերում կան դժգոհներ

Բաղրամյան պողոտան փակ պահելը ազդել է ՀՓՇ-ի վարկանիշի վրա․ անգամ շարժման շարքերում կան դժգոհներ
Քաղաքականություն / Հայաստան
19:31, 12 март 2021
«Հայրենիքի փրկության շարժման» 5-ամսյա պայքարի միակ «ձեռքբերումը» Բաղրամյան պողոտան փակելն ու այնտեղ վրաններ տեղադրելն է, ինչը, սակայն, լուրջ խնդիրներ է առաջացրել  երևանաբնակների համար՝  հարուցելով շատերի դժգոհությունը։

Մարդկանց մեծ մասը ստիպված է շրջանցել պողոտան, ինչի արդյունքում քաղաքացիները ստիպված ժամերով տրանսպորտի են սպասում ու խցանումների մեջ ընկնում։ 

Պայքարի այս մեթոդն արդեն ազդել է նաև շարժման վարկանիշի վրա․ ճանապարհի փակ լինելուց սկսել են դժգոհել նաև շարժումը համակրող քաղաքացիները։ Չի բացառվում, որ շարժման շարքերում էլ կան դժգոհներ, որոնք, սակայն, արմատականներից վախենալով՝ հրապարակավ չեն բարձրաձայնում դրա մասին։  

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը Civic.am-հարցին, թե արդյոք չե՞ն պատրաստվում բացել Բաղրամյան պողոտան, պատասխանեց․ «Չէ, ինչի՞ համար պետք է բացենք, երբ որ մեր պահանջը չի կատարվել»։ 

Դիտարկմանը, թե արդյոք իրենց չի՞ մտահոգում այն, որ հանրության մոտ խիստ դժգոհություն կա ճանապարհների փակ լինելուց, Սաղաթելյանն արձագանքեց․ «Հանրության մեջ մեծ դժգոհություն կա նաև, որ ինչ-որ մարդկանց գործունեության արդյունքում կորցրել ենք մեր հայրենիքը, հիմա ո՞րն է ավելի ծանր»։

Հանրությունը, սակայն, տեսնում է նաև, որ Բաղրամյանը փակ պահելով և այնտեղ վրաններ ու խորովածի մանղալ տեղադրելով՝ կորցրած հայրենիքը հետ չեն բերում։