Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՌԴ-ի չեզոքությունը ԼՂ հարցում ունեցել է գին, որը պետք է վճարեր Ադրբեջանը՝ ներգրավվելով ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, սակայն դրան փոխարինելու է եկել ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված դաշնակցային հռչակագիրը»․ Ստյոպա Սաֆարյան. Տեսանյութ

Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, ինչին հետևեցին Արևմուտքի պատժամիջոցները և սպառնալիքները պատժամիջոցներ կիրառելու մասին։ Մոսկվայում էլ հանդիպել են Պուտինն ու Ալիևը և ստորագրել դաշնակցային հռչակագիր։ Թեմայի մասին զրուցել ենք Ստյոպա Սաֆարյանի հետ։

«Եթե մինչև երեկ անորոշությունները կապված էին նրա հետ, թե կսկսվե՞ն լայնամասշտաբ ռազմական գործողություններ, թե՞ կգնա ճանաչման ու պատժամիջոցների սցենարով, կարծես թե որոշակիություն մտել է այս սցենարների առումով, բայց ասել, թե երկրորդ սցենարով զարգացումները ունակ չեն բերելու նոր պատերազմի՝ սխալ է։ Կարելի է ասել, որ երեկ հետաձգվել է շատ ավելի մեծ բախումը, որի նախերգանքը կլինի պատժամիջոցների պայքարը մեկը մյուսի դեմ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը և հավելեց, որ Ռուսաստանը այս որոշումը կայացրել է ծանրութեթև անելով՝ ընտրելով չարյաց փոքրագույնը, քանի որ եթե թույլ տա, որ ՆԱՏՕ-ն հերթական երկիրը կլանի, իր համար ավելի աղետալի հետևանքներ կունենա։ 

Ըստ Սաֆարյանի՝ Ռուսաստանի հետ պատերազմը Եվրոպան չի համարում իր պատերազմը։ 

Անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված դաշնակցային հռչակագրին՝ Սաֆարյանը նշեց, որ այս հռչակագիրը գալիս է հավասարակշռելու Թուրքիա-Ադրբեջան «Շուշիի հռչակագրին», և այդ երկու պարտավորությունները միմյանց չեն հակասում, քանի դեռ Ռուսաստանի և Թուրքիայի միջև բախումներ չկան, բայց փաստ չէ, որ ինչ-որ ժամանակ հետո այդ հակադրությունը չի լինելու։

Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ թե՛ պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո խոսվում էր Ադրբեջանին ՀԱՊԿ, ԵԱՏՄ և Միութենական պետություն հրավիրելու մասին, այժմ դրանք փոխարինվել են այս հռչակագրով։ «Ի վերջո, Ղարաբաղի հարցում Ռուսաստանի չեզոքությունը՝ ի վնաս Հայաստանի, ունեցել է գին, որը Ադրբեջանը պետք է վճարի։ Դրա դիմաց ակնկալվել է, որ Ադրբեջանը կներգրավվի ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, միգուցե՝ Միութենական պետությունում, որի մասին պարբերաբար խոսվել է, և Ադրբեջանում հասկացան, թե ինչի են իրենց հրավիրում Մոսկվա՝ կա՛մ ինչ-որ բան պետք է տար Ռուսաստանին՝ չէր կարող ՀԱՊԿ-ին անդամակցել կամ ԵԱՏՄ-ին, հետևաբար Ադրբեջանի համար սա այլընտրանք էր»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը և ավելացրեց, որ մենք ստանալու ենք բազմաթիվ մարտահրավերներ։

Մանրամասն՝ տեսանյութում:

Վովա Հակոբյան