Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արա Այվազյանն իր արգենտինացի գործընկեր Սոլային է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը

Արա Այվազյանն իր արգենտինացի գործընկեր Սոլային է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը
Քաղաքականություն
22:29, 17 март 2021
Մարտի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ. տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:
 
Նախարարները գոհունակություն հայտնեցին հայ-արգենտինյան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ` ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական ջանքեր ձեռնարկելու համագործակցության օրակարգն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց արգենտինահայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ բարեկամության ամրապնդման գործում:  

Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր գնահատեցին բազմակողմ ձևաչափերում ձևավորված սերտ փոխգործակցությունը լայն օրակարգի շուրջ։

Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր արգենտինացի գործընկեր Սոլային ներկայացրեց Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: