Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի իր պաշտոնակցի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի իր պաշտոնակցի հետ
Քաղաքականություն
22:32, 19 март 2021
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ մարտի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի հետ:

«ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ուրուգվայական համագործակցության օրակարգի շուրջ։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և վերահաստատվեց երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:

Այս համատեքստում ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորեցին ուրուգվայահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։ Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվեց հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը»։