Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սա էլ հարցի պատասխանը, թե ով է պատերազմի, պատերազմական իրադրության հեղինակը»․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Սերժ Սարգսյանին. տեսանյութ

Այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում շարունակվում է քննարկվել 2022 թվականի փետրվարի 28-ի Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցը: 

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի արձագանքին՝ վարչապետն ասաց. «Երեկ ես այս դահլիճում ներկայացրեցի 1998-2018թթ. շղթան, և պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը այդ 3-ժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը 1 դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք և ասել է, որ փաթեթային տարբերակը պետք է լուծվի փուլերով»:

Իսկ թե ինչու է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «1998թ. իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղը ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր: 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ»:

Նրա խոսքով՝ պատերազմը կարելի էր կանխել Սերժ Սարգսյանի հիշատակած անիրատեսական և անընդունելի պահանջները կատարելու արդյունքում:

«Եթե մենք Ղարաբաղը ուզենայինք հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետև եթե նույնիսկ տեղի ունենար հանրաքվե, դա պիտի տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ադրբեջանն ասում էր՝ առնվազն առաջիկա 50 տարում հանրաքվե չի լինելու, ադրբեջանցիները կգան, կբնակեցվեն, հետո կնայենք»,- ասաց նա և հավելեց, որ Շուշիի համար է եղել պատերազմը. «Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանխել և կանգնեցնել»: