Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը դիվանագիտական առևտուր է սկսում՝ լուծելու որոշ հարցեր, դեմ չլինելով Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն. թուրքագետ

Էրդողանը դիվանագիտական առևտուր է սկսում՝ լուծելու որոշ հարցեր, դեմ չլինելով Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն. թուրքագետ
Քաղաքականություն
14:26, 17 май 2022
Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու քննարկումների փուլում են, հարցը 2 երկրների խորհրդարաններում է։ Եվ մինչ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար  Յենս Ստոլտենբերգը հավաստիացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին կհաջողվի վերացնել Թուրքիայի առարկությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում՝ Թուրքիայի նախագահը պայմաններ է առաջ քաշել։

Մասնավորապես, Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ դեռևս դրական չի կարող վերաբերվել Շվեդիայի և Ֆինլադիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու գործընթացին, քանի որ այդ երկրներն ապաստան են տալիս թուրք ընդդիմադիրներին, ինչպես նաև այդ երկրներից պահանջել է լուծել իրենց տարածքում քրդական կառույցի հարցը։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ քուրդ զինյալներն իր երկրի համար սպառնալիք են։       

Civic.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը, ընդգծեց, որ Թուրքիան շարունակում է առևտուրը. «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հայտարարությունն այն մասին է, որ Թուրքիայից դրական արձագանք է գնացել այդ երկրների անդամակցության հարցում։ Չնայած մինչ այդ Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է, որ դեմ է, բայց հետո գնացել է դրական արձագանք, հիմա էլ նորից՝ բացասական արձագանք։ Այսինքն՝ եզրակացությունն այն է, որ Թուրքիան առևտուրը շարունակում է»։

Նրա խոսքով՝ այսպիսով Էրդողանը լուծում է որոշ խնդիրներ, որոնցից առաջինը կապված է ԱՄՆ-ի հետ. «Ամերիկացիները Թուրքիային համաձայնեցին տրամադրել բազմամիլիոնանոց ժամանակակից ռազմական սարքավորումներ, որպեսզի Թուրքիան դրանով հագեցնի իր F-16 կործանիչները, և ես կարծում եմ՝ դա առևտրի մաս էր կազմում, և Թուրքիան հիմա դա ստացավ, դրա համար էլ նորից դնում է առևտրի խնդիրը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»։ 
   
Թուրքագետը, անդրադառնալով Ռուսաստանի հետ Թուրիքայի վարած այս առևտրին, տեսակետ հայտնեց, որ Թուրքիան դա անում է այն նպատակով, որպեսզի մեղմացնի Ռուսաստանի բացասական վերաբերմունքն այն հանգամանքին, որ Թուրքիան բազմաթիվ բայրաքթարներ է վաճառել և վաճառում Ուկրաինային: «Էրդողանը այս առևտրով լուծում է նաև ներքին քաղաքական խնդիր, քանի որ Թուրքիայի ֆինանսական դրությունը ծանրացել է. պաշտոնական տվյալներով՝ 70 տոոկս է սղաճը՝ ինֆլյացիան, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 2 անգամ ավելի։ Հետևաբար Թուրքիայի վարկանիշն ընկել է, և Էրդողանը փորձեց Թուրքիայի վարկանիշը բարձրացնել միջնորդի դեր ստանձնելով Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև»,- ասաց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ Էրդողանի հիմնական նպատակն է Թուրքիայում կազմակերպել երկու երկրների նախագահների՝ Պուտինի ու Զելենսկու հանդիպումը պատերազմական իրավիճակով պայմանավորված, որը չի ստացվում։

«Հիմա Էրդողանին պետք է մի նոր սցենար, որպեսզի փորձի իր ռեյտինգը բարձրացնել երկրում, և դա հենց սա է։ Ինչո՞ւ, որովհետև Թուրքիայում շատ ուժեղ են հակաամերիկյան տրամադրությունները։ Թուրքիան համարվում է Մերձավոր Արևելքի ամենահակաամերիկյան տրամադրություններ ունեցող երկրներից մեկը։ Եվ Էրդողանը փորձում է ցույց տալ, որ պայքարում է ԱՄՆ-ի՝ Արևմուտքի դեմ։ Եվ այսպիսով նա փորձում է իր ներքին քաղաքական խնդիրները լուծել՝ չմոռանանք, որ մյուս տարի հունիսին Թուրքիայում պետք է տեղի ունենան խորհրդարանական և նախագահական ընտրություններ»,- մեկնաբանեց Ռուբեն Սաֆրաստյանն ու ընդգծեց, որ իր նշած երեք ուղղություններով է Թուրքիան փորձում օգուտներ ստանալ։

Այնուամենայնիվ, թուրքագետի կարծիքով՝ Թուրքիան կհամաձայնի Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն։ Մեր զրուցակիցը չբացառեց, որ ԱՄՆ-ն ուժեղ ճնշում կգործադրի Թուրքիայի վրա, որը չի դիմանա այդ ճնշմանը։ 

Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց նաև, որ Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ոչ մի ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա, քանի որ այս երկրներն այլ աշխարհագրական ու աշխարհաքաղաքական խնդիրներ են լուծում։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի համար Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ թուրքագետը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը չէր հաշվարկել այս հանգամանքը. «Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Ուկրաինայի առաջ պահանջ էր դնում, որ ՆԱՏՕ-ն դադարեցնի իր առաջխաղացումը դեպի Ուկրաինայի սահմաններ, և չէր հաշվարկել, որ նույնը կարող է տեղի ունենալ Շվեդիայի ու Ֆինլանդիայի մասով՝ մասնավորապես Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի ցամաքային սահմանը ՆԱՏՕ-ի հետ տասնյակ անգամներ մեծանում է, և դա Ռուսաստանից կպահանջի լրացուցիչ ջանքեր ռազմական առումով այդ սահմանը պաշտպանելու համար»։

Հարցին՝ Ռուսաստանը կարո՞ղ է որևէ կերպ ընդդիմանալ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Ռուսաստանը այս գործընթացի վրա չի կարող ազդեցություն ունենալ՝ չի կարող կանգնեցնել։    

Մեր այն հարցին, իսկ Թուրքիան ինչո՞ւ չի առարկում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Թուրքիան գեոպոլիտիկ առումով դեմ չի, որ Ֆինլանդիան ու Շվեդիան դառնան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, ուղղակի Էրդողանը դիվանագիտական առևտուր է սկսում։ Իսկ Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին Թուրքիայի համար անմիջական կարևոր նշանակություն ունի, որովհետև Ուկրաինան վերջին տարիներին դարձել է հնարավորություններ ստեղծող՝ բայրաքթարների արտադրությունը դարձել է ավելի անկախ Արևմուտքից։ Եվ Թուրքիան բայրաքթարները վաճառելուց մեծ օգուտներ է ստանում։ Թուրքիան չի կարողանում արտադրել բայրաքթարների համար շարժիչներ, և այդ շարժիչները գնում էր Արևմուտքից, իսկ հիմա փորձում է Ուկրաինայի հետ համատեղ արտադրություն սկսել»։ 

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիայի համար Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը կարևոր է նաև այն առումով, որ դա անմիջական ճնշումը կուժեղացնի Ռուսաստանի վրա, ինչի հետևանքով Ռուսաստանի հնարավորությունները Հարավային Կովկասում ավելի կթուլանան, իսկ դա Թուրքիային ձեռնտու է՝ իր գերակա դիրքը ապահովելու համար։ 

Նարա Մարտիրոսյան