Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գագիկ Ծառուկյանը մտադիր է փոխարինե՞լ Վազգեն Մանուկյանին

Գագիկ Ծառուկյանը մտադիր է փոխարինե՞լ Վազգեն Մանուկյանին
Քաղաքականություն
20:04, 13 февраль 2021

 
Այսօր հաստատվել է տեղեկությունը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնել է Մոսկվա, իսկ վերադարձից հետո հանդիպելու է Հայրենիքի փրկության շարժման լիդերների հետ՝ քննարկելու փետրվարի 20-ի հանրահավաքի կազմակերպման հարցերը։ Ինչպես հայտնի է, չնայած շարժման մեջ հաշվառված են 16 կուսակցություններ, դրանցից ընդամենը 6-ի լիդերներն են որոշումներ կայացնում: 

Ուշագրավ է նաև, որ 16-ի շարժումը Վազգեն Մանուկյանին գրեթե մենակ էր թողել երեկվա հանրահավաքում, ինչի արդյունքում Վազգեն Մանուկյանի հանրահավաքը բավական սակավաթիվ էր: ԲՀԿ որևէ ներկայացուցիչ չմասնակցեց Մանուկյանի հավաքին: Իսկ դրանից առաջ Ծառուկյանը փաստացի քննադատել էր Մանուկանին՝  անթույլատրելի հայտարարելով քաղաքացիներին «բոմժ» անվանելը: 

Ավելի վաղ մամուլում գրվել էր, որ շարժման շարքերում որոշակի դժգոհություն կա Վազգեն Մանուկյանից: Երբ դեռ արտահերթ ընտրությունների թեման փակված չէր, ԲՀԿ-ն հայտարարեց, որ առանձին է գնալու ընտրությունների, իսկ ՀՅԴ-ն չհերքեց տեղեկությունը, թե սատարելու է Ռոբերտ Քոչարյանին: 

Քաղաքագետ Լևոն Շիրինյանից Civic.am-ը հետաքրրքվեց, թե միտում տեսնո՞ւմ է, որ 16 կուսակցությունների շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանին շարժման անդամները փոխեն, օրինակ, Գագիկ Ծառուկյանով, և, նա փորձի վարչապետ դառնալ՝ իրագործելով 2015-ին կիսատ մնացած երազանքը: «Չեմ կարծում միտում կա փոխելու Մանուկյանին։ Այդքան, որ խելացի լինեին, դա շարժում չէին անվանի։ Այդտեղ շարԺում չկա, մի քանի մարդիկ հավաքվել են, անունը դրել 17 կուսակցություն։ Ի՞նչ շարժում։ Խումբ է անշարժ։ Ինչքան Մանուկյանը մնում է, այնքան ժողովուրդը հեռանում է այդ ամենից։ Ծառուկյանը, գուցե,  լավ բիզնեսմեն է,բայց նա վարչապետ լինել չի կարող»։

Իսկ Վազգեն Մանուկյանի վերջին շրջանում հնչեցրած բռնության կոչերի և բակային ջոկատներ ստեղծելու հայտարարությունների պատճառը, ըստ Շիրինյանի, այն է, որ իրենց հավաքների ժողովուրդը քչանում է: «Դրա համար էլ Մանուկյանը հիստերիայի մեջ է, ահաբեկչության կոչեր անում: ԱԱԾ-ն պիտի  դրանցով զբաղվի, դա հոգեբանական տեռոր է, որը անթույլատրելի է»,-ասաց քաղաքագետը:

Մեր մյուս հարցին, թե հնարավո՞ր է շարժման առաջնորդ դառնալու հավակնություն ունի Ռոբերտ Քոչարյանը, Շիրինյանը պատասխանեց,- «Քոչարյանն է այս ամենի լարախաղացը, դա պարզ է։ Մի բան է ակնհայտ․ Հայաստանում հարցերը լուծվում են ժողովրդի քվեների միջոցով, ուրիշ ոչինչ։ Հարցերը լուծվում են Հայաստանում՝ Հայաստանի ընտրող քաղաքացու կողմից՝ արդար և թափանցիկ քվեարկության ճանապարհով, ուրիշ ոչինչ»։