Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնդկաստանը կոչ է անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ

Հնդկաստանը կոչ է անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ
Քաղաքականություն
19:33, 13 сентябрь 2022
Հնդկաստանը տեղյակ է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ձեռնարկված հարձակումների մասին և կոչ է անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտարարել է Հնդկաստանի կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ պարոն Արինդամ Բագչին:

«Մենք տեսել ենք հաղորդագրությունները հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին՝ ներառյալ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորումը 2022 թ. սեպտեմբերի 12-13-ին: Կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Կարծում ենք, որ երկկողմ վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության և երկխոսության միջոցով: Որևէ կոնֆլիկտ չի կարող ռազմական լուծում ունենալ: Մենք կոչ ենք անում կողմերին հետամուտ լինել բանակցություններին՝ տևական և խաղաղ լուծման հասնելու նպատակով», - ասված է Հնդկաստանի ԱԳՆ-ի սեպտեմբերի 13-ի հայտարարության մեջ:


Սեպտեմբերի 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: 

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ ռուսական միջնորդությամբ Երևանի ժամանակով ժամը 10-ից կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ: Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հայկական կողմը նախնական տվյալներով ունի 49 զոհ: Տվյալները ճշտվում են: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: