Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի ակցիաները կազմակերպող խմբակին ոչինչ չի հետաքրքրում, այս ամենն անում են ինչ-որ բանի դիմաց. Հայկ Ցիրունյան․ ՀԺ

Սյունիքի ակցիաները կազմակերպող խմբակին ոչինչ չի հետաքրքրում, այս ամենն անում են ինչ-որ բանի դիմաց. Հայկ Ցիրունյան․ ՀԺ
Քաղաքականություն
14:03, 22 апрель 2021
Երեկ Սյունիքի մարզ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը լարված մթնոլորտում անցավ: Վարչապետը եղավ Ագարակում, Մեղրիում, Կապանում, Գորիսում, Շուռնուխում: Ագարակում եւ Մեղրիում մի խումբ քաղաքացիներ փորձեցին խոչընդոտել վարչապետի հանդիպումը տեղի բնակիչների հետ: Նրանք շարունակ շրջում էին նրա ետեւից, բարձր վանկարկում եւ հայհոյում, փորձում կանգնեցնել նրան ուղեկցող մեքենաների շարժը: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի ընթացքում էլ քաղաքացիները պատռեցին Պետական պահպանության ծառայության պետի կոստյումը: Այդ ընթացքում որեւէ մեկը բերման չենթարկվեց, ավելի ուշ տեղեկացանք միայն, որ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել:

Փաշինյանի Սյունիք այցի, սադրանքների, ուժայինների գործողությունների եւ այլնի մասին ՀԺ-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանի հետ, որը երեկ ուղեկցում էր վարչապետին:

- Պարոն Ցիրունյան, ինչպե՞ս կգնահատեք Սյունիքում կատարվածը: Գործողությունները սադրիչ համարո՞ւմ եք:

- Կատարվածը գնահատում եմ որպես խուլիգանություն, հանցագործություն, անգամ քրեական հանցագործություն:
Մասսայական սեռական հայհոյանքներ հնչեցնելը խուլիգանություն է: Ամբողջ մարզում 20-30 հոգի կազմակերպված ինչ-որ տեղից եկել են: Մտահոգիչ է այն, որ սա մեր երկիրն է, մենք բոլորս ցանկանում ենք ամեն բան ուղղել, բայց խմբակներ կան, որոնք ֆինանսական կամ քաղաքական կեղտոտ խաղերի համար այսպիսի ակցիաներ են կազմակերպում: Ժողովուրդն այսպիսի մարդկանց վանում է՝ ասում են՝ այս ինչ եք անում: Այս խմբակին ոչինչ չի հետաքրքրում, գալիս կանգնում, իրենց ասածը գոռում են, դրա դիմաց երեւի ինչ-որ բան ստանում են ու գնում:

- Եթե ակցիային մասնակից խմբակին հանենք, ի՞նչ եք կարծում, Սյունիքում իսկապե՞ս կա դժգոհության մեծ ալիք իշխանությունների նկատմամբ:

- Մեր ամբողջ հանրապետությունը հիմա խնդիր ունի: Մենք հանդիպել ենք այնպիսի խնդիրների, որոնք համազգային են: Իհարկե, Սյունիքի մարզը առաջին տեղում է նրանով, որ դեպքերն այստեղ են եղել, տուժած ենթակառուցվածքների մեծ մասն այստեղ է: Այսօրվա նիստին էլ մի կարեւոր որոշում կայացվեց, որ այստեղի խնդիրները պետք է լուծվեն շատ արագ: Անելու ենք ամեն բան, որ այս մարզի խնդիրների լուծումն ավելի արագացվի: Մեր հանրապետությունում չկա այնպիսի մարզ, որը դժգոհ չի իրավիճակից, բայց պետք չէ ասել, թե դժգոհ են իշխանություններից: Իշխանություններն ամեն բան անում են այս իրավիճակից դուրս գալու համար:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։