Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահին ինքնասպան լինելու կամ հրաժարական տալու կոչ-նամակի նախաձեռնողը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին սատարող խմբի անդամն է

Արցախի նախագահին ինքնասպան լինելու կամ հրաժարական տալու կոչ-նամակի նախաձեռնողը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին սատարող խմբի անդամն է
Քաղաքականություն
15:27, 02 февраль 2023
Մինչ համաշխարհային հանրությունը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ բանաձևեր է ընդունում և կոչ անում Ադրբեջանին անհապաղ բացել արցախցի մեր հայրենակիցներին հումանիտար ճգնաժամի դուռը հասցրած «կյանքի ճանապարհը»,  արցախցի և հայաստանցի մտավորականների մի խումբ կոչ-նամակով դիմել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և նրան առաջարկել  կամ հրաժարական տալ, կամ էլ... վարվել՝ ինչպես «անտիկ ժամանակների» առաջնորդները՝ ինքնասպան լինել։ Թե ինչո՞ւ է մտավորականների 25-հոգանոց խումբը մտքի սույն փայլատակումն ունեցել հենց այս օրերին, թե ինչու է հիմա հիշել Արցախի Սահմանադրությամբ երկրի նախագահին վերապահված լիազորությունների շրջանակը, կարելի է կռահել՝ հաշվի առնելով Արցախում տեղի ունեցող քաղաքական խմորումները, մասնավորապես՝ ԱՀ նախագահ-պետնախարար ներքին հակասությունները։  

Արցախի նախագահին ուղղված կոչը ստորագրած տիկնայք և պարոնայք մտավորականները Արայիկ Հարությունյանին մեղադրում են  ԱՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները «խախտելու» մեջ՝  «չեք պաշտպանել Արցախի թե տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, թե քաղաքացիների իրավունքները, որոնց մի մասը զոհվել են, մյուսները զրկվել իրենց հայրենի օջախներում ապրելու իրավունքից»։ «Հենց Դուք եք գլխավոր պատասխանատուն, որ տարածքային ու մարդկային աննախադեպ մեծ կորուստներից բացի մսխվեց նաև այն Հաղթանակը, որ 1994թ. ձեռք էր բերվել տասնյակ հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով»,-նշել են նամակի հեղինակներն ու արել հետևյալ զազրելի առաջարկը. «Դեռևս անտիկ ժամանակներից սկսած՝ պարտված արքաները, զորավարները, գերագույն հրամանատարները խայտառակ պարտությունից հետո կամ ինքնասպան են լինում, կամ հրաժարական են տալիս՝ կախված իրենց բարոյական նկարագրից ու խղճի, պատվի զգացումից։ Մենք ընդամենը փաստ ենք արձանագրում, ներկայացնում ենք իրողությունը։ Ուզում ենք հիշեցնել նաև, որ անկախ նրանից՝ Դուք ցանկանում եք, թե ոչ, հաճելի է Ձեզ, թե ոչ, մարդիկ, հանրությունը, ժողովուրդը՝ ի դեմս Ձեզ, տեսնում է կորցրած զավակների, կորսված օջախների, իր դժբախտությունների և ողբերգությունների գլխավոր մեղավորին։ Կրկին հիշեցնենք, որ մենք ընդամենը ներկայացրինք իրողությունը, այն, ինչ կա։ Ինքներդ որոշեք Ձեր անելիքը»։

Հայտարարությունը ստորագրել են Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի օրոք  սփյուռքի  փոխնախարար աշխատած, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, վերջին շրջանում հօգուտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության դեմ զազրախոսելով զբաղվող Սերժիկ Սրապիոնյանը, նրա դուստրը՝ Հ2-ի հաղորդավար Գոհար Սրապիոնյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ Կարինե Ստեփանյանը,  վաստակաշատ մանկավարժ Մելս Զաքարյանը, գրող, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Դիանա Համբարձումյանը, գրող, թարգմանիչ, մանկավարժ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանը և այլք։ 

Նկատենք, որ սույն հայտարարությանը միացած մտավորականներից ոմանք, մասնավորապես՝ արցախցի գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանը՝ գրող Վազգեն Օվյանի որդին, վերջերս ձևավորված՝  «Ի պաշտպանություն Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հասարակական շարժման» նախաձեռնող խմբի անդամներից է։ ԱՀ նախագահին կոչ անողների ցանկում են նաև Վարդանյանին աջակցող խմբի այլ անդամներ՝ արվեստագետ, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը, իրավաբան Արամ Խաչատրյանը։ 

Այս և մի քանի այլ  մտավորական պարոնայք,  ի դեպ, դեռ ամիսներ առաջ, երբ Վարդանյանը նոր էր հայտարարել Արցախ տեղափոխվելու իր որոշման մասին, հանդես էին եկել  Արցախի ապագա պետնախարարի  մասին մի ներբողագրով  և, դիմելով  ՀՀ և սփյուռքի հայությանը, ազդարարել՝ «հասարակ արցախցիների շրջանում Ռուբեն Վարդանյանի որոշումը հույս ու հավատ է առաջ բերել»։ 

«Ռուբեն Վարդանյանի Արցախում հաստատվելն ու հնարավոր միջոցներով Արցախին, արցախցիներին օգնելը բազմաթիվ բամբասանքների, զրպարտությունների առիթ է դարձել։  Դեռևս իր ծրագրի գոնե մի կետ անգամ չիրագործած, իր մտահղացումները դեռևս կյանքի չկոչած մարդու դեմ աներևակայելի արշավ են սկսել մարդիկ, որ իրենց կյանքում Արցախի համար քարի վրա մի քար չեն դրել»,- գրել էին վաստակաշատներն ու  ամենակոշտ  որակումն էին տվել Վարդանյանի դեմ ենթադրյալ  «արշավին» «լծվածներին»՝ նրանց  անվանելով «ներկայիս  ՀՀ թուրքամետ իշխանությունների կամակատարներ,  վարձու գրչակներ, զանազան բացահայտ կամ քողարկված գործակալներ»:

Ի դեպ, վերջին՝ ԱՀ նախագային ուղղված  նամակին միացածների ցուցակում նշված էր հայտի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի անունը,  սակայն տիկին Պապյանը մամուլում հայտարարել է, որ ինքը չի միացել նամակին։  

Civic.am-ը զրուցեց բաց նամակին միացած արձակագիր, թարգմանիչ, տնտեսագիտության թեկնածու Նարինե Կռոյանի հետ։ Վերջինս  նշեց, որ  նախաձեռնության հեղինակը Վարդգես Օվյանն է։ «Ես միացել եմ նամակին, քանի որ Արցախում ապրող ժողովրդից տեղեկացել եմ, որ շատ գոհ են իրենից։ Բայց ասում են, որ խոչընդոտում են այդ մարդու աշխատանքին։ Այդ պատճառով էլ մտածեցի, որ եթե իմ ստորագրությամբ կարող եմ օգնել այդ մարդկանց, ապա օգնեմ, ընդամենը դա»։ Դիտարկմանը՝ նամակում ԱՀ նախագահին կոչ է արվում կամ ինքնասպան լինել, կամ հրաժարական տալ՝ տիկին Կռոյանն արձագանքեց. «Ես պարզապես ամեն տողի տակ չէ, որ ստորագրել եմ, որովհետև, եթե էդպես լիներ, ուրեմն ամեն տողի տակ պետք է ստորագրեի։ Ես պարզապես ուզում եմ բլոկադայում հայտնված մարդկանց օգնել։ Մարդիկ գտնում են, որ Ռուբեն Վարդանյանն իրենց համար շատ բաներ է անում իրականում՝ սնունդ է ապահովում,  խաղաղապահների հետ կազմակերպել է բավականին բաներ, գազի, լույսի, վառելիքի խնդիր... Ես սա ասում եմ՝ սովորական մարդկանց հետ զրուցելու հիման վրա։ Ինձ երբ ասեցին, որ էդ մարդուն էնտեղ նեղում են՝ Արայիկ Հարությունյանի թիմը, ես էլ մտածեցի, որ գոնե էդ մարդկանց կարողանամ էդքանով օգուտ տալ, եթե, իհարկե, իմ ստորագրությունը որևէ նշանակություն ունի։  Ընդամենը դա»։

Մեր մյուս դիտարկմանը՝ տարօրինակ էր իր՝ մտավորականի, ՀՀ գրողների միության անդամի անունը տեսնել մի նամակի տակ, որտեղ Արցախի նախագահին ինքնասպան լինելու կամ հրաժարական տալու կոչ է արվում, տիկին Կռոյանը պարզաբանեց. «Կներեք, ինքնասպանությունը այդ մարդու (Վարդգես Օվյանի-խմբ.) նախաձեռնությունն է, ով այդ նամակը կազմել է։ Ես ոչ մեկին սուիցիդալ մտքերի չեմ տանում։ Ես ձեզ ասացի, թե ինչու եմ ստորագրել այդ նամակի տակ։ Պարզապես այն նպատակով, որ այն մարդուն, որը արցախցիներին ապահովում է լույսով, գազով, պարզագույն ուտելիքով, էլեմենտար դեղորայքով, չխանգարեն։ Ընդամենը այսքանը»։   

Մենք փորձեցինք կապվել նաև Վարդգես Օվյանի հետ, սակայն ապարդյուն։ Մեր ձեռքի տակ եղած  նրա  հեռախոսահամարը, պարզվեց,  չի գործում։  Օվյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից պարզեցինք, որ գրող-հրապարակախոսը  առանձնապես չի փայլում վայելուչ, կոռեկտ հանրային խոսքով։ Ահա նրա վերջին ֆեյսբուքյան գրառումը. «Դարձյալ շիմպանզեի հրամանատարությա՞մբ պիտի նոր պատերազմի մեջ մտնեք, այ վախկոտ, աննամուս մարդուկներ։ Բայց դա արդեն պատերազմ չի լինելու, այլ նոր ցեղասպանություն։ Գետինը մտնեք նախկին ու ներկա գարշելիներով, անուղեղ ու ծախու ենիչերիներով, աած-ներով, դատական համակարգով, նապաստակ, փալաս գեներալիտետով ու սարդոստայնի պես տարածված գործակալական ցանցով...»։

Օրերս էլ պարոն Օվյանը կիսվել է politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի գրառմամբ՝ կից գրելով. «Բորիս Մուրազին իրավացի է։ Նույն վիճակն է նաև հայկական ֆեյսբուքում։ Առավել շատ հետևորդներ ունեն տականքները, գործակալները, քաղաքական ու բառի ամենաուղիղ իմաստով պոռնիկները, խաբեբաները, դեմագոգները, ինչպես նաև իշխանավոր դարձած ստահակները։ Այդ է պատճառը, որ շիմպանզեներն են մեզ ղեկավարում և 30 տարում մեր կերտած պետությունն այս կոտրած, փտած, նեխած տաշտակն է»։

Հ.Գ. Նշենք, որ ԱՀ նախագահին «ինքնասպան եղիր կամ հրաժարական տուր» հորդորող մտավորականներից ոմանք, մասնավորապես՝ Սերժիկ  Սրապիոնյանը, որի հանրային խոսքն, ի դեպ, ևս աչքի չի  ընկնում բարձր կուլտուրայով,  ինչպես նաև գրող Դիանա Համբարձումյանը, կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը,  2021 թ. նախընտրական շրջանում,  ի շարս այլ մտավորականների (թվով 124), «Հայաստան» դաշինքին սատարելու կոչով էին հանդես եկել։  

Հեղինե Մանուկյան